Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի տարածաշրջան: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Անհամբերությամբ սպասում եմ Հարավային Կովկաս իմ այցին: Ես կլինեմ Բաքվում, Թբիլիսիում և Երևանում»,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:
Նա տեղեկացրել է, որ այցի ընթացքում հանդիպումներ կունենա Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
«Այս այցը կօգնի ինձ ավելի լավ հասկանալ իմ զրուցակիցների տեսլականներն ու խնդիրները ինչպես տարածաշրջանային անվտանգության, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ նրանց գործընկերության հեռանկարների վերաբերյալ: Հուսով եմ, որ մենք կորոշենք ՆԱՏՕ-ի մասնակցության հետագա ընդլայնման ուղիներն ու միջոցները Կովկասում»,- գրել է Կոլոմինան:
Նա պաշտոնը ստանձնել է այս տարվա սեպտեմբերին՝ փոխարինելով Ջեյմս Ապատուրային: