Չեխիայում ևս հակապատվաստումային որոշակի տրամադրություններ կան, սակայն մասսայական չեն, այսօր Երևանում հայտարարեց Չեխիայի առևտրի և արդյունաբերության փոխնախարար Մարտինա Տաուբերովան:
Մարտինա Տաուբերովա, Չեխիայի առևտրի և արդյունաբերության փոխնախարար - Մեր բնակչության մոտավորապես 65 տոկոսը պատվաստված է, նպատակը 70 տոկոսից ավելի պատվաստելն է, որպեսզի ձևավորվի հանրային իմունիտետ:
Ըստ փոխնախարարի՝ Չեխիայում չեն պատվաստվել հիմնականում չաշխատող ու չճանապարհորդող անձինք, իսկ պատվաստումների նման բարձ տոկոս ունեն հանրային լայն իրազեկման շնորհիվ:
Մարտինա Տաուբերովա - Ճնշումների ու տուգանքների փոխարեն մենք նախընտրում են գնալ հաղորդակցության ճանապարհով: Կան թիրախային խմբեր, որոնց հետ աշխատանքն ու ավելի թիրախային է, օրինակ՝ բուժաշխատողները, որոնք համար գրեթե պարտադիր է պատվաստվելը:
Հայ-չեխական առողջապահական, բժշկական և դեղագիտական ֆորումին մասնակցելու համար Երևան ժամանած չեխական բժշկական արտադրանքների ասոցիացիայի փոխնախագահ Պետրո Ֆոյտն էլ հիշեց հակահամաճարակային միջոցառումների շրջանակում եղած սահմանափակումները:
Պետրո Ֆոյտ, Չեխական բժշկական արտադրանքների ասոցիացիայի փոխնախագահ - Մարդիկ միայն կարողանում էին գնալ աշխատանքի ու գալ տուն, իսկ կարանտինային վիճակից իրական կյանք հնարավոր էր միայն պատվաստումներից հետո, մարդիկ անհամբեր սպասում էին պատվաստումներին:
Թեև Չեխիայում բնակչության 65 տոկոսն արդեն պատվաստվել է, հակահամաճարակային խիստ կանոնները պահպանվում են, իսկ հանրային վայրեր մուտք գործելու համար պատվաստված լինելը կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելը պարտադիր է:
Պետրո Ֆոյտ - Ռեստորան կամ այլ հանրային վայր գնալու համար պետք է թեստավորված լինել: Այսպես կանաչ գույն պետք է լինի հավելվածի մեջ, որպեսզի կարողանանք մուտք գործել հանային վայրեր, դիմակները պարտադիր են:
Չեխիայում պատվաստվել է բնակչության 65 տոկոսը, Հայաստանում երկրորդ դեղաչափն ստացել է չափահաս բնակչության ընդամենը 14 տոկոսը: Մեր երկրում հոկտեմբերի 14-ի տվյալով մահվան 29 դեպք է արձանագրվել: Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում հրավիրված ֆորումի մասնակիցների նպատակն է քննարկել առողջապահական մարտահրավերն ու պատվաստումային գործընթացն ավելի արդյունավետ դարձնել:
Հեղինակ՝ Անի Օհանյան