Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը գլխավորն է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար: Այսօր հայտարարել է վարչապետ Փաշինյանն ու ընդգծել՝ Երևանը պատրաստ է բանակցություններ սկսել Բաքվի հետ՝ ԵԱՀԿ Մինկի խմբի հովանո ներքո։ Ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց գագաթաժողովին՝ երկրի ղեկավարն այս համատեքստում հիշեցրել է միջազգային միջնորդների դիրքորոշումը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Վերջին ամիսներին համանախագահներն իրենց հայտարարություններում բազմիցս նշել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Կարևոր քայլ կլինի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան և Լեռնային Ղարաբաղ:
Փաշինյանի այս հիշեցումը հաջորդեց Ադրբեջանի նախագահի այն պնդմանը, թե Ղարաբաղյան հակամարտությունը մնացել է պատմության գրկում: Ելույթ ունենալով Հայաստանի վարչապետից առաջ՝ Ալիևը հայտարարել էր, որ պատրաստ են բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ: Պաշտոնական Բաքվի նման գնահատականների ֆոնին Նիկոլ Փաշինյանը խաղաղությանը խոչընդոտող խնդիրները մատնանշեց, շեշտեց՝ չնայած բոլոր քաղաքական ջանքներին ու ի հեճուկս եռակողմ հայտարարության, Լեռնային Ղարաբաղում և հայ ադրբեջանական սահմանին շարունակում են մարդիկ զոհվել:
Նիկոլ Փաշինյան - Այս առումով առաջարկում եմ ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանը հավատարիմ մնալու եռակողմ մեխանիզմները: Թշնամանքի և ատելության հռետորաբանությունը, մշտական սպառնալիքներն ու սադրանքները մեզ համար դարձել են առօրեական: Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ցանկանում, որ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի: Եվ այս պայմաններում շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը: Բայց մենք վճռական ենք և կանենք հնարավորը՝ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար, և մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչպես հասնել այս նպատակին: Երկխոսությունը և, ցավոք, մեր տարածաշրջանում գոյություն ունեցող թշնամանքի մթնոլորտի աստիճանական հաղթահարումը, բոլոր տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը միակ ճանապարհն է, որը, մեր կարծիքով, կարող է հասցնել այս նպատակին:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորեց նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: ԱՊՀ իր գործընկերներին ներկայացնելով երեք երկրի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի քննարկումները, ասաց՝ Հայաստանն աշխատում է բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացման ուղղությամբ ու հույս ունի մոտ ապագայում հասնել կոնկրետ արդյունքների:
Նիկոլ Փաշինյան - Սա նշանակում է, որ Հայաստանը կստանա երկաթգծային և ավտոմոբիլային կապի ճանապարհ Ռուսաստանի հետ և երկաթուղային կապ Իրանի հետ՝ Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը՝ երկաթգծային և ավտոմոբիլային կապ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ՝ Հայաստանի տարածքով: Շատ կարևոր է նշել, որ մենք աջակցում ենք տրանսպորտային հաղորդակցության բացման այն սցենարները, որոնք կդառնան ոչ թե մեկուսացման և թշնամանքի, այլ խաղաղության հաստատման խորհրդանիշներ և միջոցներ:
Ու թեև Ալիևն այսօր նորից հայտարարեց, թե Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան, իսկ Բաքվի բանտերում պահվող հայերին բնորոշեց դիվերսանտներ, պաշտոնական Երևանն այս հարցում հստակ դիրքորոշում ունի՝ քաղաքական և տնտեսական առաջխաղացման հասնելու գործում հումանիտար հարցերն առաջնային են մնում: Վարչապետն արձանագրեց՝ Ադրբեջանը չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ու դեռ չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց:
Նիկոլ Փաշինյան - Սա զուտ մարդասիրական խնդիր է, և մենք հույս ունենք րոպե առաջ լուծել այն: Այս համատեքստում ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել Ադրբեջանին այն ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը, որոնք տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում, այսինքն՝ հումանիտար վտանգ են ներկայացնում:
Ականազերծման գործընթացին այսօր իր խոսքում նաև դաշնության ղեկավարն անդրադարձավ, նշեց՝ այս հարցում Ռուսաստանն աջակցում է երկու կողմերին էլ: Թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի տարածքում ականազերծման աշխատանքներ են իրականացվում՝ ասաց Պուտինը: Ռուսաստանի և մյուս միջազգային գործընկերների աջակցությունը պաշտոնական Երևանն ակնկալում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հարցում՝ սա էլ շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - Այստեղ պետք է նշեմ, որ առկա խոչընդոտները հաղթահարելու համար շատ կարևոր է բարենպաստ մթնոլորտը: Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն այն սահմաններում, որոնք վերջերս խախտվել են Ադրբեջանի կողմից և որտեղ գրեթե պարբերաբար կրակոցներ են հնչում: Մասնավորապես, նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի Սոթք-Խոզնավար հատվածը: Մենք բազմիցս առաջարկել ենք այդ հատվածում իրականացնել զինված ստորաբաժանումների հայելային դուրսբերում` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը, որն օրինականորեն հիմնավորված է և գրանցված է ԽՍՀՄ քարտեզներով: Այս սահմանի երկայնքով կարող են տեղակայվել ռուս սահմանապահներ և/կամ միջազգային դիտորդներ: Այս սխեման ստացել է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, և մենք սպասում ենք այս ուղղությամբ աշխատանքների վերսկսմանը:
Իր ելույթի վերջում վարչապետն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի հայտարարություններին: Այսօր Ալիևն, առանց փաստեր ներկայացնելու, Հայաստանին և Իրանին մեղադրել է իր երկրի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու մեջ:
Նիկոլ Փաշինյան - Չեմ կարող չարձագանքել թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին հայտարարությանը, որը, ինչպես նշվեց, «կազմակերպվում է» Հայաստանի և Իրանի կողմից: Ցանկանում եմ նշել, որ մենք շատ սերտորեն համագործակցում ենք Իրանի իրավապահ մարմինների հետ և շատ արդյունավետ պայքարում ենք թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Կարող եմ ներկայացնել նաև թվեր, որոնք ցույց են տալիս, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերով կալանավորումների և առգրավված թմրանյութերի քանակն աճել է երեք, չորս և նույնիսկ ավելի անգամ:
Այժմ իրավական գործընթաց է սկսվել Հաագայի դատարանում՝ ասաց վարչապետն ու նշեց՝ Հայաստանն իր հայցի քննման ժամանակ պատրաստվում է բարձրաձայնել բոլոր մեղադրանքներն ու հիմնավորել իր դիրքորոշումը ԼՂ հակամարտության գործընթացում: