Ծանր վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է: Նրանցից մեկին վիրահատել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում, մյուսին՝ հանրապետական բժշկական կենտրոնում: Վիրավորված զինծառայողներին այցելել են Արցախի պետնախարարը, առողջապահության նախարարն ու մարդու իրավունքների պաշտպանը: Մասնագետների խոսքով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Լևոն Հայրապետյան (Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ) - Հայտնի միջադեպից հետո պետք էր ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնությունը և օպերատիվ միջամտությունը: Հիմա նրան պատրաստում ենք տեղափոխել Երևան: Հիվանդի վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ամենակարևորը՝ ոգին մարտական է:
Վիրավորներին ժամանակին հասցրել են զինվորական հոսպիտալ: Առաջին բուժօգնության համար սա շատ կարևոր է, նշում են մասնագետները: Հոսպիտալում երեկվանից բուժում է ստանում վիրավորված 5 զինծառայող, մեկի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Արամայիս Սարգսյան (Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ) - Ներկա պահին հիվանդների վիճակը հանգիստ է: Կյանքին սպառնացող որևէ բան չկա: Մինչև լուսադեմ վիրահատությունները՝ ինչ պետք էր, արվել է՝ առաջնային վիրաբուժական մշակում է կատարվել: Հիմա մեկ հիվանդ գտնվում է անզգայացման տակ, ինքը այսպես կտեղափոխվի Երևան, իսկ մնացածն արդեն ինքնուրույն խոսում, շփվում են:
Մարտունու շրջանի Նոր շենի սահմանագոտում, որտեղ ադրբեջանական զինված ուժերը խախտել էր կրակի դադարեցման ռեժիմը, այժմ իրավիճակը հանգիստ է,-ասում է Արցախի պետնախարարն ու ավելացնում՝ այլ ուղղություններում ևս լարվել էր իրավիճակը:
Արտակ Բեգլարյան (Արցախի պետական նախարար) - Բարեբախտաբար, բացի այս Նոր Շենի հատվածից, այլ հատվածներում վիրավոր էլ չենք ունեցել: Իսկ այժմ որևէ լարվածություն այս պահի դրությամբ առկա չէ: Ռուս խաղաղապահների հետ համապատասխան աշխատանք տանում ենք, նաև իրենց միջամտությամբ ու միջնորդությամբ իրավիճակը կայունացել է:
Արցախի պաշտպանության բանակը հերքել է մամուլում շրջանառվող լուրը, թե թշնամու կրակոցից արցախյան կողմը երկու զոհ ունի: