Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է՝ վերջին օրերին Ադրբեջանի կողմից կրկին փորձ է արվում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում՝ դա տեղի է ունենում բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ։
«Ադրբեջանն ագրեսիվ գործողություններով նպատակ ունի ճնշման ու ահաբեկման միջոցով հասնել Արցախի հայաթափմանը։ Այսպիսի քաղաքականությունը նաև հարված է Ռուսաստանին և ռուս խաղաղապահ առաքելությանը։
Արցախի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի քաղաքականությունը որակում է որպես ահաբեչություն և ապակառուցողական դիրքորոշման դրսևորում։
Կրկին ընդգծում ենք, որ նման քայլերով Արցախին չեն վախեցնելու։ Արցախահայությունը հաստատակամ է ապրել իր պատմական հայրենիքում, պաշտպանել իր ինքնիշխանությունն ու արժանապատվությունը»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով Արցախի Նորշեն գյուղի մերձակայքում վիրավորվել է Արցախի պաշտպանության բանակի 6 զինծառայող։