Սննդի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստուգայց է կազմակերպել Արմավիրի մարզի Էջմիածին, Արշալույս, Ծաղկունք, Ակնաշեն համայնքներում: Հերթական շրջայցը մսի իրացման կետերում էր: Շեշտը դրվել էր խանութներում ոչ սպանդանոցային ծագման մսի բացառմանը: Պարտադիր պայման է 5-րդ ձևի առկայությունը:
Մարդու առողջությունը փողից կարևոր է՝ ասում է մսի խանութներից մեկի սեփականատերը: Ինքը երբեք փողոցում մորթված կենդանու միս չի վաճառել: Ապրանքը գնելիս փաստաթղթերն էլ հետն է ձեռք բերում: Պատահում է՝ հաճախորդն էլ է ուզում համոզվել՝ սպանդանոցի՞ց առաքված միս է գնում:
Խանութներից մեկում էլ թեև մսեղիքը սպանդանոցային ծագման էր, առկա էր նաև 5-րդ ձևը, բայց խախտված էր մսի պահպանման ջերմային ռեժիմը: Մսեղիքը ցուցադրվում էր ոչ թե սառնարանում, այլ բաց ցուցափեղկից կախած վիճակում: Վաճառողի արդարացումները, թե օդորակիչը միացնելիս մսի համար նախատեսված նվազագույն 4 աստիճանն ապահովվում է, չհամոզեց տեսուչներին:
Խանութներից մեկում էլ, թեև վաճառողը վստահեցրեց, որ սպանդանոցային ծագման միս են վաճառում, բայց հիմնավորող փաստաթղթեր չներկայացրեց. դրանք ոչ թե խանութում էին պահվում, ինչպես նախատեսվում է, այլ սեփականատիրոջ մոտ: Նա էլ տարածքում չէր: Տեսչական խումբն արձանագրեց՝ ի տարբերություն Էջմիածնի, որտեղ տնտեսվարողներն ավելի բարեխիղճ են, գյուղական համայնքներում պատկերը մխիթարող չէ:
Տեսչական խումբն այցելեց 29 տնտեսվարողի: Ծաղկունք և Արշալույս համայնքներում, ինչպես նաև Էջմիածնի մեկ վաճառակետում, մսի վաճառքը կասեցվեց: