Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցող նորաստեղծ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը 42 հոգանոց ցուցակ է ներկայացրել: Բոլորը Սամվել Բալասանյանի թիմից են: Կուսակցության հիմնադիրը նրա ավագ որդին է՝ Միսակ Բալասանյանը, սակայն Բալասանյանն ու որդին ցուցակում ներառված չեն։
Ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածուն՝ Վարդգես Սանոսյանը, ղեկավարում է քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկը: Քարոզարշավի առաջին օրերին վարակվեց կորոնավիրուսով: Կուսակցության շտաբը հայտարարություն տարածեց նրա հոսպիտալացվելու, ավելի ուշ՝ Երևան տեղափոխվելու մասին։ Թիմի անդամներն քարոզարշավի ամբողջ ընթացքում ձեռնպահ մնացին ակտիվ քարոզարշավից, օգտվեցին վճարովի հեռուստատեսային եթերաժամերից ու օգտագործեցին սոցցանցերը: Կուսակցությունը խոստանում է շարունակել Բալասանյանի գործը և հասցնել տրամաբանական ավարտին։
Սոնա Հովհաննիսյան (Գյումրու ավագանու անդամի թեկնածու, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն) - Պարոն Բալասանյանի ծրագրերը, որոնք սկիզբ է դրել, նորացված և նոր կազմով աշխատել և ավարտին հասցնել: Նոր շնչով ու նոր թիմով շարունակել եղածը և նոր ծրագրեր, երիտասարդական, մշակութային և տուրիզմի զարգացման ծրագրեր իրականացնել:
Սոնա Հովհաննիսյանը նոր է դաշինքում, մշակույթի ոլորտից է: Իրենց ցուցակում նոր անունները շատ են, բայց մեծամասնությունը Սամվել Բալասանյանի թիմի անդամներն են, քաղաքապետարանի աշխատակիցներ և ավագանու «Բալասանյան դաշինքի» նախկին անդամներ։
Սոնա Հովհաննիսյան - Շատ են ծրագրերը, պետք է կույր լինել՝ կառուցված, լուսավոր, կանաչապատ և բարոյահոգեբանական մթնոլորտը, ապահով և հանգիստ չտեսնելու, չնայած դժվարություններին:
Կուսակցությունը ցուցակում մեծ թիվ են կազմում նաև կանայք․ փորձը ցույց է տվել, որ կանայք լավագույն լուծում առաջարկողներն են՝ ասում է Հովհաննիսյանը:
Կուսակցության ծրագիրը, ըստ դաշինքի անդամների, հին փորձով ու նոր շնչով է, իրատեսական։ Խոստանում են քաղաքակիթ կենցաղավարություն ու նորմալ ապրելակերպ Գյումրիում: