ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հոկտեմբերի 12-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի լիագումար նիստի քննարկման շրջանակներում հանդես է եկել ելույթով։
Դեսպան Տեր-Ստեփանյանի հաշվետու ելույթը հրապարակվել է Nouvelles d'Arménie հանդեսի՝ «Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը քննադատում է ատելության դրսևորումները» վերտառությամբ հոդվածում
Ստորև ներկայացնում ենք ելույթի հայերեն թարգմանությունը:
«Պարոն Գործադիր խորհրդի նախագահ,
տիկին գլխավոր տնօրեն,
Ձերդ Գերազանցություն դեսպաններ,
հարգելի գործընկերներ,
առաջին հերթին՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել գլխավոր տնօրենին զեկույցի համար և օգտվելով առիթից՝ ողջունել այն հսկայական աջակցությունը, որն ուրվագծվում է իր թեկնածության շուրջ մեր կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելու կապակցությամբ:
Այս վստահությունը հատկապես կարևոր կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու համար:
Դրանց թվում է կրթության համընդհանուր հասանելիության խիստ կարևոր հարցը. այն ուղղորդում է մեր կազմակերպության գործունեության նշանակալի մասը:
Դա վերաբերում է բոլորի համար հավասար հնարավորությունների սկզբունքի պաշտպանությանը՝ ապահովելու կրթության հասանելիությունը յուրաքանչյուրի համար՝ անկախ մարդու կարողությունից, ռասայից, սեռից, էթնիկ ծագումից: Այն վերաբերում է նաև խոցելի բնակչությանը, հատկապես հակամարտության գոտիներում ապրողներին: Այս առումով ես կարևոր եմ համարում հիշատակել մեկ տարի առաջ Արցախից հեռացած հազարավոր փախստականների իրավիճակը, որոնք ստիպված են եղել փախուստի դիմել իրենց պարտադրված պատերազմի պատճառով։ Հայաստանն աշխատում է բավարարել այդ մարդկանց կրթական կարիքները՝ սպասելով նրանց վերադարձին Արցախում իրենց մշտական բնակության վայրեր:
Այս մարտահրավերների թվում է նաև ատելության խոսքի և անհանդուրժողականության այն վիրուսը, որը տարածվում է շատ մտահոգիչ կերպով. այն, ցավոք, ամրապնդվում է քաղաքական առաջնորդների հայտարարություններով, որոնք խարան են դնում որոշակի էթնիկ խմբերի վրա` նրանց նկատմամբ բռնություններն օրինականացնելու նպատակով: Գլոբալ քաղաքացիության կրթությունը մնում է այս արհավիրքը վերացնելու արդյունավետ միջոցը, և մենք պետք է հավատարիմ մնանք այն խթանելու գործին:
Մենք նաև տխրությամբ արձանագրում ենք, որ ատելության և անհանդուրժողականության այս վիրուսն ազդում է մարդկության մշակութային ժառանգությանը պատկանող հարստության վրա:
Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Հայաստանն ահազանգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետություններին այն լուրջ սպառնալիքների մասին, որոնց ենթարկվում են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական մշակութային արժեքները, և դրանց ամբողջական ոչնչացումից խուսափելու համար անհապաղ միջամտելու անհրաժեշտության մասին:
Մենք երախտապարտ ենք տիկին Օդրի Ազուլեին այն ջանքերի համար, որ նա ներդրել է այդ ժամանակից ի վեր, շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղ և դրան հարակից տարածքներ գործուղելու անկախ տեխնիկական առաքելություն, որը կկարողանար հավասարակշռության սկզբունքի հիման վրա մուտք ունենալ կողմերի մշակութային վայրեր:
Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը կողմ էր արտահայտվել զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի՝ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին հաջակցություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի նախաձեռնությանն ընդունված հռչակագրին, այդ երկիրն այս ամբողջ ընթացքում շարունակել է արգելափակել այդ առաքելության իրականացումը:
Նման խոչընդոտող մոտեցումը մեզ ստիպում է լուրջ մտավախություն ունենալ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության վիճակի համար, մանավանդ որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո ավերածություններն ու վանդալիզմի գործողությունները շարունակվել են և մեր կողմից պետք է արժանանան ամենախիստ դատապարտման:
Հայաստանն ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը և անդամ պետությունները կշարունակեն մոբիլիզացված մնալ այս հարցում: Իրոք, մշակութային ժառանգության պաշտպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իր դերի լիարժեք իրագործումը մեր բոլորիս պատասխանատվությունն է:
Շնորհակալություն ուշադրության համար»,- ասված է դեսպանի խոսքում