Հինգշաբթի երեկոյան հազարավոր մարդիկ էին հավաքվել Թբիլիսիի կենտրոնում՝ պահանջելով բանտից ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Վրաստան վերադառնալուց հետո Սաակաշվիլին իրեն համարում է քաղբանտարկյալ ու շարունակում է հացադուլը Ռուսթավի քաղաքի քրեակատարողական հիմնարկում, գրում է BBC-ն:
Հանրահավաքը կազմակերպել էր Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Ակցիային մասնակցելու համար առավոտյան ընդդիմադիր ուժերի մեքենաների շարասյուները Վրաստանի տարբեր շրջաններից շարժվել են Թբիլիսի:
Որոշ շրջաններում նրանց ագրեսիվ են դիմավորել նախկին իշխանությունների հակառակորդները, նրանք իրեր են նետել մեքենաների վրա ու հայհոյել:
Երեկոյան ընդդիմության հանրահավաքի մասնակիցները զբաղեցրել էին Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակն ու Ռուսթավելու պողոտայի մի մասը: Ակցիայի մասնակիցները հանդես են եկել «Ազատություն Միշային» կարգախոսով, ելույթներ են ունեցել, երգել են, արտասանել:
Սաակաշվիլիի ազատ արձակումն են պահանջել Ուկրաինայի մի շարք քաղաքական գործիչներ: Կիևից տեսաուղերձով Սաակաշվիլիին իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինայի Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և լրագրող Դմիտրի Գորդոնը:
Արախամիան ասել է, որ Սաակաշվիլին իսկական բարեփոխիչ է, և Ուկրաինան կանգնած է նրա կողքին:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Վրաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Սաակաշվիլիին, իսկ ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն Վրաստանի նախկին նախագահին խնդրել է դադարեցնել հացադուլը:
Ցույցին և հանրահավաքին Սաակաշվիլին հետևել է բանտախցի հեռուստացույցով: Ակցիան խաղաղ է ավարտվել, ոստիկանների հետ ընդհարումների դեպքեր չեն գրանցվել: