Երկօրյա աշխատանքային այցով Սյունիք այցելած տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հետևել է Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի շինարարական աշխատանքներին:
Գնել Սանոսյան (Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Սյունիքում մի շարք ծրագրեր կան, որոնք հրատապ են, առաջնահերթ: Բազմաթիվ աշխատանքներ կան տեսնելու, քննարկելու, նոր առաջարկներ, նոր խնդիրներ ի հայտ բերելու և դրանց լուծման հետևից գնալու համար:
Գնել Սանոսյանի առաջին կանգառը Մեղրի համայնքն էր. կառավարության ներկայացուցիչը շրջեց համայնքում մարզպետի և միջգերատեսչական խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ, ծանոթացավ համայնքում կատարված աշխատանքներին և խնդիրներին: Գնել Սանոսյանին մեղրեցիները ներկայացրին Լիճք բնակավայրի ոռոգման հարցը: Այս տարի բնակիչների այգիները մնացել են անջրդի և կրել մեծ վնասներ: Նախորդ տարիներին օգտվել են կոմբինատի ջրագծերից՝ նշում են մեղրեցիները: Սակայն այժմ կոմբինատի՝ հողով անցնող ջրագծերն ապամոնտաժվել են և անցնում են գետնից բարձր տեղադրված խողովակներով:
Գնել Սանոսյան - Մեղրի-Ագարակի կարծես գլխավոր խնդիրը ոռոգման ջրի խնդիրն է, որ արձանագրել ենք, և այդ խնդրի ամբողջական լուծումը տեսնում ենք Լիճք համայնքին մոտակա տարածքում ջրամբարի կառուցման մեջ: Նմանատիպ շատ խնդրիներ ունենք, որոնք արձանագրել ենք, որոնց մի մասը պաշտոնական գրության տեսք կստանա, և որոշակի հանձնարարականներով դրանք կփորձենք լուծել:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հաջորդ կանգառը Կապանի սահմանամերձ Ծավ և Շիկահող բնակավայրերն էին, որտեղ բնակիչները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը: Շիկահողում նախարարը ծանոթացավ միջգերատեսչական աշխատանքային խմբի օժանդակությամբ կառուցված կարի արտադրամասին: Ծավեցիների խնդիրը 50 տարվա փայտե տնակներն են և խմելու ջրի հարցը:
Գնել Սանոսյան - Այդ խնդրին ծանոթ ենք: Նախագծման որոշակի աշխատանքներ կարվեն, կհասկանանք, թե որ հատվածից կարող ենք ջուրը վերցնել, որ որակական խնդիր չունենա, ժամային գրաֆիկի խնդիր ևս:
Նախարարի այցը եզրափակվեց Շուռնուխում՝ նոր թաղամասի կառուցման աշխատանքներին ծանոթանալով: Շինարարությունն ընթանում է լայն թափով, շուտով կհասնեն տանիքներին: Նոր կառուցվող 13 բնակարանները մինչև տարվա վերջ կհանձնեն պատերազմի հետևանքով Շուռնուխում անտուն մնացած ընտանիքներին: Պետական աջակցությամբ կառուցվող բնակարաններից յուրաքանչյուրը 170 քմ մակերեսով՝ 55 մլն դրամ արժողությամբ է: Նոր թաղամասում կլինեն սառնարանային տնտեսություն, պահեստներ, ջերմատներ, խելացի անասնագոմ, առևտրի սրահ, մանկապարտեզ և հանգստի գոտի:
Արթուր Հայրապետյան («Արտ կոնստրակտ» ՍՊԸ տնօրեն) - Աշխատանքներն ընթանում են մեծ տեմպերով: Քաղաքաշինության կոմիտեի ջանքերի շնորհիվ լուծվում են շինարարության ընթացքում առաջացած բոլոր խնդիրները, անում ենք հնարավոր ամեն ինչ, որ հնարավորինս արագ մարդկանց ապահովենք կացարաններով:
Գնել Սանոսյանի ուշադրության կենտրոնում էին նաև բնակելի թաղամասերի վերակառուցման ու կարևոր նշանակություն ունեցող ճանապարհների շինարարական աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիաներով:
Գնել Սանոսյան - Բավական լավ նախագծեր են: Վերջնական արդյունքում բավական լավ, հարմարավետ բնակարաններ կունենանք՝ իրենց բակերով, կից կառույցներով, և ավելի հեշտ ու հարմար կլինի այստեղ բնակվելը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը վստահեցրեց, որ երկօրյա այցի շրջանակում արձանագրված խնդիրներին և բնակիչներին հուզող հարցերին կտրվեն իրատեսական լուծումներ:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան