Մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել Կանդահարում շիա մահմեդականների մզկիթում, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների, մահացել է 32 մարդ, 53-ը վիրավորվել են: Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել բռնարարքի պատասխանատվությունը: Ականատեսների վկայությամբ՝ մզկիթում միմյանց է հաջորդել երեք պայթյուն, հայտնում է Reuters-ը:
Մեկ շաբաթ առաջ Կունդուզ նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվեց առնվազն 120 մարդ, 150-ը վիրավորվեց: Մինչ այդ երկու պայթյուն էր որոտացել Քաբուլի Իդգահ մզկիթում և երկրի արևելքում՝ Ջալալաբադի կրոնական դպրոցում: Առաջին դեպքում զոհվել էր 12 մարդ, վիրավորվել՝ 32-ը, երկրորդում՝ 7-ը զոհվել էր, վիրավորվել 15-ը: Բոլոր հարձակումներում ներգրավված էին «Իսլամական պետության» գրոհայինները: Դիտորդները նկատել են, որ ահաբեկիչների թիրախում են հայտնվել շիա մզկիթները:
Interfax-ի տեղեկություններով էլ՝ թեժ մարտեր են ընթանում Աֆղանստանի հյուսիս-արևելքում թալիբների և Ազգային դիմադրության ճակատի զինյալների միջև: Երկու կողմերն էլ զոհեր ունեն: