Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից հայկական ընկերությունները, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ այլ պետությունների ընկերություններ, կարող են մասնակցել ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին։
Այս հնարավորությունը ընկերություններին ընձեռվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թ․ նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ, որով սահմանվել են պետական և մունիցիպալ գնումների նպատակով առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոնները։
Որոշումն ուղղված էր ԵԱՏՄ-ում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին անդամ պետությունների տնտեսվարողների համար մասնակցության հավասար պայմանների ստեղծմանը, ինչը լավ հնարավորություն է վերջիններիս համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը ԵԱՏՄ շուկայում, ինչպես նաև ներդրումներ ներգրավելու։
Սա լավ հնարավորություն է ստեղծում հայկական ընկերություններին մասնակցելու ընդհանուր 135․32 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով պետական գնումների ԵԱՏՄ անդամ երկրներում․
Ռուսաստանը՝ 114․94 մլրդ ԱՄՆ դոլար
Հայաստանը՝ 0,5 մլրդ ԱՄՆ դոլար
Ղրղզստանը՝ 0,53 մլրդ ԱՄՆ դոլար
Բելառուսը՝ 2,46 մլրդ ԱՄՆ դոլար
Ղազախստանը՝ 16,89 մլրդ ԱՄՆ դոլար:
Եվրասիական տնտեսական միության պետական և մունիցիպալ գնումների գործընթացում ներառված են հետևյալ ոլորտները՝ հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, կահույքի և փայտամշակման արդյունաբերությունը, երկաթուղային մեքենաշինությունը, կոմպրեսորային և սառնարանային արտադրությունը, թեթև և քիմիական արդյունաբերությունը, նավաշինությունը։
Գնումներին մասնակցելու համար տնտեսվարողները պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն և գրանցվեն միասնական ռեեստրում։ Հայաստանի ազգային ռեեստրի վարման լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Ընձեռված հնարավորություններից օգտվելու կանոնները ներկայացնելու և մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործարար համայնքի համար նախաձեռնել է մի շարք ճանաչողական սեմինարներ և քննարկումներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյաների և համապատասխան մասնագետների մասնակցությամբ։
Գործընթացին մասնակցելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար Հայաստանի տնտեսվարողները կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչություն, հեռ․՝ 011 597 153, 011 597 151։