6 զինծառայող վիրավորում է ստացել՝ ադրբեջանական նախահարձակ գործողությունների հետևանքով, օպերատիվ-մարտավարական իրադրությունն այս պահին հանգիստ է:
Հոկտեմբերի 14-ի երեկոյան, հակառակորդի զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, որի հետևանքով էլ վիրավորվել են հայ զինվորները:
Արցախի պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
ՊԲ հրամանատարությունը և Արցախի իշխանությունը համակարգված աշխատանք են տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ իրավիճակի հետագա լիցքաթափման համար:
Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից՝ հայտնել են Արցախի պաշտպանության նախարարությունից:
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն էլ հայտնել է, որ խաղաղապահները դեպքի վայր են եկել: Խուճապի համար որևէ պատճառ չկա՝ նշել է Բաբայանը և բացառել լայնածավալ պատերազմի հնարավորությունը՝ միջադեպը որակելով ադրբեջանական սադրանք:
Արցախի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ևս մեկ դիտարկում է արել՝ Ադրբեջանի նման գործողություններն ուղղված են ոչ միայն հայության, այլև Ռուսաստանի դեմ:
ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ. ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում՝ հայտարարել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, մանրամասնել, որ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ու հանրապետական բժշկական կենտրոնում երեք վիրավոր զինվորի վիրահատությունները հաջող են անցել: Գիշերը «Լուրերի» Արցախի թղթակիցը զինվորներին վիրահատելու պահին բժշկական կենտրոն էր այցելել, զրուցել Արցախի առողջապահության նախարարի հետ:
Միքայել Հայրիյան (Արցախի առողջապահության նախարար) - 4 վիրավորը թեթև և միջին ծանրության են, ունենք 2 վիրավոր ծանր աստիճանի, բեկորը մեկը գանգի քունքոսկրային շրջանի վնասվածք է, բեկորը հեռացված է, մյուս մեր վիրավորը որովայնի և թոքի շրջանում բեկորային վնասվածք ունի:
Այս միջադեպը վառ օրինակ է, որ արցախցու կյանքն այսօր վտանգի տակ է՝ հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Կուզենայի, որ այս հարցին նայեինք ոչ թե երկու ԶՈՒ-երի միջև որևէ գործողություն, այլ նայենք այն տեսանկյունից, որ Նորշեն համայնքի մոտակայքում տեղակայված հայկական դիրքերը պաշտպանում են Նորշենի խաղաղ բնակչության կյանքը:
Այսինքն՝ դիրքերն այնքան մոտիկ են տեղակայված խաղաղ բնակչությանը՝ մոտ 500 մետրի մասին ա խոսքը, որ մեր դիրքերն ուղղակի իրենց վրա են վերցնում խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգը:
Եվ հենց այս տեսանկյունից սա ոչ թե երկու զորքերի միջև որևէ միջադեպ է, այլ կոնկրետ ուղղված է այն մարդկանց դեմ, որոնք պահպանում են խաղաղ բնակավայրի ժողովրդի կյանքի իրավունքը:
Երեկ պաշտպանության բանակը երկու հաղորդագրություն էր հրապարակել՝ հերքելով Ադրբեջանի ապատեղեկությունները: Առաջինը վերաբերում էր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իբր հայտնաբերված ու առգրավված՝ հետախուզական թռիչքներ իրականացնող ԱԹՍ-ների կեղծ լուրին: Ժամը 21.30-ի սահմաններում արդեն Արցախի պաշտպանական գերատեսչությունը կեղծ է որակել Ադրբեջանի տարածած այն տեղեկությունը, թե իբր հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՊԲ ստորաբաժանումների արձակած կրակոցից զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:
Արցախի կողմը նաև արձանագրել է, որ արևելյան հատվածում՝ Նորշեն գյուղի մոտ, նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերը լսել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ: Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարությունը հայտարարում է, որ հետևում է ձեռք բերված պայմանավորվածություններին, խստորեն պահպանում է հրադադարը և ակնկալում անաչառ հետաքննություն: