ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 14-ին սկսեց Հայաստանի ներկայացրած հրատապ միջոց կիրառելու մասին պահանջի քննությունը: Հատկացված երկու ժամում մեր երկրի շահերի ներկայացուցիչները ձևակերպեցին Հայաստանի հիմնական պահանջներն ու իրավական փաստարկները՝ զուգորդված հսկայական ապացույցներով:
Եղիշե Կիրակոսյան, ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչ - Հայերը վերապրել են էթնիկ ատելության քարոզչություն և հետապնդումներ։ Նրանք նաև ենթարկվել են ցեղասպանության, զանգվածային սպանությունների և կոտորածների։ Ցավոք, դրանք շարունակվում են մինչ օրս։ Զինված հակամարտությունը, որը, ինչպես բացահայտ խոստովանել է Ադրբեջանի նախագահ Ալիևը, սկսվել է հենց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերին, էթնիկ բռնության և ատելության այդ շղթայի վերջին օղակն է: Մենք մտավախություն ունենք, որ դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ հակամարտության հիմքերը չեն վերացվել։
Ադրբեջանի դեմ հայցն ու հրատապ միջոց կիրառելու պահանջը Հաագայի դատարան են ներկայացվել «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի հիման վրա: Երևանի պահանջն է՝ պարտավորեցնել Բաքվին զերծ մնալ կոնվենցիոն խախտումներ առաջացնող գործողություններից: Հայաստանը պահանջում է վերադարձնել գերիներին, փակել «ռազմավարի պուրակը», ձեռնպահ մնալ հոգևոր, մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց, պահպանել դրանք, դադարեցնել ատելության քարոզը:
Հայաստանի շահերը ներկայացնող միջազգային փորձագետներից յուրաքանչյուրը ներկայացրեց կոնկրետ ոլորտի վերաբերյալ առանցքային հարցեր: Պրոֆեսոր Կոլբը խոսեց նաև դատարանի իրավազորության մասին, որը կարևոր հանգամանք է պայմանական միջոցների քննության ժամանակ:
Ռոբերտ Կոլբ, Միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու - Հայաստանը և՛ պատերազմի օրերին, և՛ դրանից հետո մշտապես բարձրաձայնել է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի տարբեր դրույթներ: Տասնյակ տարիներ Ադրբեջանը հայերին ռասայական խտրականություն է ենթարկել և որպես պետության կողմից հովանավորվող հայատյացության քաղաքականության հետևանք՝ հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների:
Հայերի հանդեպ ատելության դրսևորման վառ օրինակ էր Բուդապեշտում Սաֆարովի կողմից հայ սպայի սպանությունը, երբ մարդասպանին Ադրբեջանը ոչ թե դատապարտեց, այլ հերոսացրեց՝ հիշեցրեց Կոստանտինոս Սալոնիդիսը: Նա հայտարարեց, որ Հայաստանն իր հայցով նպատակ ունի մատնանշել Ադրբեջանի ռասայական խտրականության քաղաքականությունը և վերականգնել մարդկանց ոտնահարված իրավունքները: Փորձագետն անդրադարձավ Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով իրականացվող ատելության քարոզին ու հայատյաց քաղաքականությանը:
Կոստանտինոս Սալոնիդիս, Միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու - Ադրբեջանի հայատյացության քարոզը շարունակվում է նաև նոյեմբերի 9-ից հետո: Բավական է լսել Ալիևի ելույթները, որոնք ատելություն, խտրականություն, բռնություն են պարունակում:
Ատելության ևս մեկ դրվագ է Ադրբեջանում բացված, այսպես կոչված «ռազմավարի պուրակը»: Շոն Մըրֆին մանրամասն ներկայացրեց Ադրբեջանում պահվող անձանց գերության հանգամանքները, խոսեց նրանց իրավունքների ոտնահարման, խոշտանգումների, նրանց նկատմամբ շինծու մեղադրանքների մասին: Դատարանին ներկայացվեցին բազմաթիվ փաստական ապացույցներ, տեսանյութեր, որոնք սոցիալական ցանցերում տարածել էին հենց ադրբեջանցի զինվորականները: Շեշտվեց, որ գերիների վերադարձը հրատապ է:
Շոն Մըրֆի, Միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու - Ադրբեջանը պարտավորություն ունի վերադարձնել հայ ռազմագերիներին: Միջազգային մարդասիրական իրավունքի ամենակարևոր այդ պարտավորությունն արհամարհելն էթնիկ խտրականության դրսևորում է: Ադրբեջանի համար ռազմագերիների արժեքը ոչ մի կապ չունի նրանց արժանապատվության հետ, նրանք Ադրբեջանի համար սակարկման առարկա են, սեփական քաղաքական շահերն առաջ մղելու գրավական և էթնիկ խտրականության հատուկ միջոց:
Հաջորդ ելույթի գլխավոր շեշտադրումներն Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ ադրբեջանական վանդալիզմի մասին են: Միջազգային իրավունքի փորձագետը հիշեցրեց՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության փաստերը համադրելով՝ Human Rights Watch-ը եզրակացրել է՝ տաճարը թիրախավորվել է միտումնավոր: Դատարանին ներկայացվեցին մշակութային արժեքների ոչնչացման բազմաթիվ ապացույցներ:
Պիեռ դ՛Արժան, Միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու - Տաճարի կրկնակի ռմբակոծումը մահաբեր ուղերձ է, հայերն իրենց անվտանգ չեն կարող զգալ Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ իրենց համար սրբազան վայրերում: Չնայած նախագահ Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից սեպտեմբերին հայտարարում էր, թե իր երկիրը հանդուրժողականության և տարբեր ազգերի համար խաղաղ գոյակցության երկիր է, այնտեղ բացվող ցուցադրությունները, որոնց մասին իմ գործընկերները խոսեցին, ապացուցում են հակառակը: Այդ փաստերը ցույց են տալիս Ադրբեջանի իշխող ռեժիմի իրական դեմքը և ատելությամբ լի քաղաքանությունը, ինչը հակասում է կոնվենցիային:
Մարտին Լոուրենսն ամփոփեց հայկական կողմի փաստարկները, ընդգծեց հարցի հրատապությունը, որի վերաբերյալ դատարանը պետք է որոշում կայացնի:
Մարտին Լոուրենս, Միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու - Ահա այն հրատապ պահանջը, որը ներկայացրին իմ գործընկերները՝ պաշտպանել հայերին շարունակվող ատելության խոսքից, պաշտպանել հայ ռազմագերիներին և աջակցել նրանց հայրենադարձմանը, կանխել հայկական մշակույթի ոչնչացումը: Հայերն իրավունք ունեն ապրելու առանց ռասսայական խտրականության:
Եղիշե Կիրակոսյան - Մատնանշում կատարվեց, որ ադրբեջանական կողմը ներկայացրել էր ապացույց, իբր «ռազմավարի պուրակից» հանվել են մանեկենները, նաև սաղավարտները, դա կարևոր հանգամանք էր, քանի որ կատարվել է Հայաստանի կողմից հայցը ներկայացնելուց հետո:
Հայկական կողմի պահանջը շարունակում է անփոփոխ մնալ՝ Բաքուն պետք է փակի, այսպես կոչված «ռազմավարի պուրակը»: Հայաստանի փաստարկներն ու ադրբեջանական առարկությունները լսելուց հետո դատարանը որոշումը կհրապարակի մեկ-մեկուկես ամսից: