Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ հոկտեմբերի 14-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Նշենք, որ «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021 թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: «Մեկ պատուհանին» աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի՝ էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
Համակարգին առաջինը միացվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, այնուհետև՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
«Մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվեն ժամանակ և ռեսուրս։
Համակարգի ներդրման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ: