Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին մամուլում տարածված լուրերը: Խաթիբզադեն պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է ոչ թե վարորդներին, այլ Իրանի երկու այլ քաղաքացիների արտահանձնմանը, որոնք շարունակելու են իրենց պատիժը կրել Իրանում: Սեպտեմբերից Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում ադրբեջանական կողմը խոչընդոտներ է ստեղծում իրանական բեռնատարների տեղաշարժի համար, իսկ սեպտեմբերի 15-ին ձերբակալել է իրանցի երկու վարորդի, ինչը լայն արձագանք է ստացել Իրանում: Նախօրեին Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդադարձել էին ինչպես բեռնատարների անխոչընդոտ տարանցման, այնպես էլ իրանցի վարորդների ազատ արձակման խնդիրներին:
*****
Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում իրադրության կարգավորման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը կյանքի կկոչվի: Կանանց Եվրասիական համաժողովի շրջանակում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: «Իհարկե, մտահոգվում ենք, իհարկե, ցանկանում ենք, որ համաձայնագիրը կյանքի կոչվի, որպեսզի ընթանա տնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը, ինչը կամրապնդի քաղաքական ջանքերը»,- ասել է Մատվիենկոն:
*****
Լեռնային Ղարաբաղում մարտական պատրաստվածության պահպանմանն ուղղված գործողությունների շրջանակում ռուս խաղաղապահները համալիր պարապմունքներ են անցկացրել 27 դիտակետում:
Զինծառայողները քայլեր են մշակել հնարավոր խախտումները, սադրիչ գործողությունները կանխելու և դիտակետերի դեմ հարձակումը հետ մղելու ուղղությամբ: Մարզումներին մասնակցել են նաև ռուսական խաղաղապահ զորակազմի ականանետային հաշվարկները: Հրետանավորները գործողություններ են մշակել՝ ուղղված կրակային կետերը զբաղեցնելուն, նշված կետերը թիրախավորելուն, հետախուզությանը և կրակային դիրքերի փոփոխությանը: