Ադրբեջանի գործողությունների հիմքում Արցախի ու Հայաստանի բնակչությանը լարված պահելն է՝ ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի գնահատականն է Արցախի ուղղությամբ երեկ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակ բացելուն: Սակայն պատկերը ադրբեջանագետին չի զարմացնում. օրեր առաջ էլ հակառակորդը խախտել էր հրադադարի ռեժիմը, երբ Մարտակերտում դիպուկահարը սպանել էր խաղաղ բնակչի:
Տարոն Հովհաննիսյան (ադրբեջանագետ) - Վերջնանպատակն այն է, որ Արցախի բնակչությունն արտագաղթի, որ հեշտ լինի իրենց վերջնանպատակը՝ Արցախի չօկուպացված տարածքի վերջնական անեքսիային հասնել:
Ադրբեջանագետի կարծիքով՝ հակառակորդը նման գործողություններով նաև փորձում է ազդել Ռուսաստանի հեղինակության վրա, քանի որ բնական է, որ նման միջադեպերից հետո խաղաղապահների գործունեության վերաբերյալ հարցեր են առաջանալու: Տարոն Հովհաննիսյանը Ադրբեջանի նման գործողությունների հիմքում տեսնում է նաև Բաքվի դժգոհությունը՝ պայմանավորված Արցախի պաշտպանության բանակի գոյությամբ: Ադրբեջանը նման գործողությունները կշարունակի, եթե հասկանա, որ իր համար ծանր հետևանքներ չեն լինելու:
Տարոն Հովհաննիսյան - Նման հետևանքներից կարող են լինել թե ՄԱԿ-ի Միջազգային դատարանում կայացվող վճիռը, որը կստիպի Ադրբեջանին որոշակի պատիժներ կրել, թե Եվրոպական դատարանում, եթե վճիռ կայացվի, թե միջազգային խաղացողների ավելի կոշտ մոտեցումն այս հարցում, որն այս պահին դեռևս առկա չէ:
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի գնահատականն ավելի կոշտ է՝ չի կարելի սադրանք որակել այն, ինչը հստակ քաղաքականությամբ է իրականացվում:
Հայկ Սուքիասյան (քաղաքագետ) - Սա արձագանքն է Հայաստանում Իրանի, Հնդկաստանի ու Վրաստանի հաղորդուղիներն իրար հետ կապելու գործընթացին, իսկ ակնհայտ է, որ Հյուսիս-Հարավը շրջանցում է Արևելք-Արևմուտքը: Ավանդական է դարձել տառապել Արևելք-Արևմուտքի շրջանակում, բայց, պարզվում է, որ այսօր ունենք լավագույն հնարավորություն ճեղքելու այս գործընթացը:
Սուքիասյանը չի բացառում, որ Ադրբեջանի գործողությունները նաև պատասխան են Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ հնչած պնդումներին, որ Արցախի հարցը լուծված չէ, և Մինսկի խումբը պետք է վերակենդանանա: Ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Արմինե Մարգարյանն էլ ադրբեջանական ագրեսիայի սադրանքների ժամանակահատվածը պատահական չի համարում՝ կապելով Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան բարձր մակարդակի հանդիպումների հետ:
Արմինե Մարգարյան (ռազմաքաղաքական հարցերի փորձագետ) - Երբ ադրբեջանական կողմը կրակում է Արցախի ուղղությամբ, առաջին հերթին ոտնձգություն է ՌԴ խաղաղապահ գործունեության նկատմամբ, ՌԴ վարկանիշի նկատմամբ, հետևաբար, հասկանալի է, որ նման ավանտյուրաների դիմելով՝ փորձում է ՌԴ վարկանիշը նվազեցնել ու հասնել նրան, որ ՌԴ-ն որոշակի քաղաքական ճնշում գործադրի:
Քաղաքագետ Գագիկ Քեռյանը դժվարանում է կանխատեսել Ադրբեջանի և Թուրքիայի հետագա քայլերի հաջորդականությունը, սակայն վստահ է՝ դրանք ուղղված են նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հեղինակության նվազեցմանը:
Գարիկ Քեռյան (քաղաքագետ) - Սա որոշակիորեն ուզում է գցել ռուս խաղաղապահների հեղինակությունը, նրանց լեգիտիմության աստիճանը տարածաշրջանում, և բացառված չէ, որ ինչ-որ պահի Բաքվում գուցե դնեն ռուս խաղաղապահների՝ տարածաշրջանում գտնվելու նպատակահարմարության հարցը:
Քաղաքագետը նշում է՝ լայնածավալ հարձակումն այս փուլում ձեռնտու չէ առաջին հերթին հենց Ադրբեջանին:
Գարիկ Քեռյան - Եթե Ադրբեջանը սկսում է ռազմական գործողություններ, նա պետք է հասկանա, որ այստեղ բախվելու է ռուսական խաղաղապահ ուժերին, գուցե, Հայաստանում տեղակայված ռուսական զինուժին, նաև Իրանի հետ:
«Հանուն Հանրապետություն» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էլ կապ է տեսնում նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած հայցի հետ, քանի որ միջազգային իրավունքի մասնագետները հիմնավոր ներկայացրեցին Հայաստանի շահերը, ինչը չէր կարող հանգիստ թողնել Ադրբեջանին: Բաբաջանյանը հավելեց, որ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո նյարդային վիճակ կա Ադրբեջանի ու հայաստանյան որոշ ուժերի մոտ:
Արման Բաբաջանյան («Հանուն Հանրապետություն» կուսակցության նախագահ) - Որոշ հաշվարկներ, որոնք գուցե հյուսվել ու կառուցվել էին, թե Ռուսաստանը պետք է ճնշում գործադրեր Հայաստանի վրա ու առնվազն միջանցքի հարցում պիտի ճեղքում արձանագրվի, կարծես չի ստացվել ու չի նշմարվում: Մենք տեսնում ենք, որ ադրբեջանցիները գնալով ավելի հատուկ միջոցներով են փորձում սկսել, որ ցույց տան, որ 25 թվականից հետո չեն ցանկանում տեսնել ռուս խաղաղապահներին:
Ադրբեջանն այսօր էր դիմել է սադրանքների, սակայն հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: Փորձագետները կարծում են՝ լայնածավալ բախում չի լինի, բայց Ադրբեջանը կփորձի շարունակել լարված պահել տարածաշրջանը:
Հեղինակ՝ Անի Օհանյան