Հոկտեմբերի 6-15-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, տեղեկացնում են ԱՀ արտաքին գործերի նախարարությունից:
Վլադիմիրի շրջանում, Մոսկվա, Պյատիգորսկ և Սոչի քաղաքներում արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի, նրա արցախյան հատվածի և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-սփյուռք կապերի հետագա խորացմանը, Արցախի զարգացման գործընթացին Ռուսաստանի հայ համայնքի ներգրավմանն առնչվող հարցեր։