Միջոցառման պաշտոնական մասը մեկնարկեց վերակառուցվող բակում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց՝ ծրագիրը Քաղաքաշինության և զբոսաշրջության բարեգործական հիմնադրամ - Կառավարություն և համայնք եռանկյունու հետաքրքիր գործակցության արդյունք է։
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Հիմնադրամով 900 մլն դրամի աշխատանքներ կարվեն, 7,2 հա քաղաքը հատկացրել է այգու համար:
Բարեկամության այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 12 մլն ԱՄՆ դոլար է, ներառյալ Ազնավուր հիմնադրամի և Հայ օգնության միության ներդրումները, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այգու հարակից տարածքում ապրող տնակատերերի բնակարանային խնդիրը լուծել։
Քաղաքաշինության և զբոսաշրջության բարեգործական հիմնադրամի ներդրումը 3,2 մլն դրամ է, 300 հազար եվրո ներդրել է GIZ-ը՝ Եվրոպական միության հետ։ Պետության ներդրումը 1,6 մլն դոլար է։
Ռուբեն Վարդանյան (Քաղաքաշինության և զբոսաշրջության բարեգործական հիմնադրամի համահիմնադիր) - Մեծ աշխատանք է արվել: Սա ձեր այգին է, այգու ոգին դուք եք տալու:
Վարդանյանը ծրագիրը որակեց ծանր՝ հետաքրքիր համագործակցությամբ ու դժվար համակարգմամբ: Կարևորը, ըստ նրա, մեծ պրոյեկտի իրագործման արդյունքում այս վայրը կդառնա Գյումրիում բոլորի ամենասիրելի անկյուններից մեկը։
Հիմնարկեքի արարողությանը մասնակցեց նաև Բարեկամության զբոսայգու նախկին տնօրենի դուստրը:
Միջոցառումն ավարտվեց այգու տարածքում շրջայցով: