Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում 2015 թվականից անցկացվող կանանց եվրասիական համաժողովը դարձել է աշխարհի բոլոր մայրցամաքներից կին առաջնորդներին միավորող խոշորագույն միջազգային հարթակ՝ քննարկելու կանանց դերը ժամանակակից աշխարհում և գլոբալ խնդիրների լուծման ընդհանուր մոտեցումներ մշակելու համար: Եվրասիական կանանց երրորդ համաժողովին աշխարհի առաջնորդ կանայք կանդրադառնան անվտանգության, սոցիալական առաջընթացի ապահովման, տնտեսական, առողջապահության և բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացման հարցերի:
ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի կենտրոնակայանում միջոցառմանը մասնակցում են ավելի քան 1500 մասնակից 100 երկրից՝ քաղաքական, հասարակական գործիչներ ու գործարարներ: Համաժողովի բացմանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց՝ կանանց ակտիվությունն ու գործուն մասնակցությունը կյանքի բոլոր ոլորտներում ծառայում են ընդհանուր շահերին, նպաստում մարդկային ներուժի առավելագույն բացահայտմանը, ինչն աշխարհն առավել լավը դարձնելու հնարավորություն է տալիս:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Աճում է համաժողովի համագործակցությունն այնպիսի միավորումների հետ, ինչպիսիք են ԲՐԻՔՍ-ը, ՅՈՒՆԻԴՕ-ն, «Կանանց 20-յակը»: Ժամանակակից, դինամիկ փոփոխվող աշխարհը հասարակության, պետությունների առջև նոր խնդիրներ է դնում։ Դրանց որոշման մեջ կանայք ավելի ու ավելի ծանրակշիռ դեր են խաղում։ Խոսքը վերաբերում է կայուն տնտեսական զարգացման հարցերին, գլոբալ կլիմայական օրակարգին, բնապահպանական խնդիրներին, կրթության նոր մոտեցումներին, սոցիալական աջակցության համակարգի՝ ավելի արդար, հավասարակշռված սկզբունքների վրա կառուցելու ձգտմանը:
«Կանայք. գլոբալ առաքելությունը նոր իրականության մեջ» Եվրասիական կանանց երրորդ համաժողովի հատուկ թեման է: Ծրագրի արդեն ավանդական մաս են դարձել միջազգային կազմակերպությունների և միավորումների մասնակցությամբ փորձագիտական նստաշրջանները՝ «Կանանց 20-յակի», ՅՈՒՆԻԴՕ-ի, Համաշխարհային բանկի, BRICS կանանց գործարար դաշինքի նիստերը:
Վալենտինա Մատվիենկո (ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ) - Համավարակն էլ ավելի բացահայտեց գոյություն ունեցող խնդիրները՝ ցույց տալով, որ աշխարհը ստեղծարար օրակարգի, ազգային եսասիրությունից և վերջնագրերի քաղաքականությունից հրաժարվելու կարիք ունի։ Այս բարդ պայմաններում հենց կանայք պետք է ավելի ակտիվ ներգրավվեն համաշխարհային խնդիրների լուծման մեջ։
Վալենտինա Մատվիենկոյի հրավերով Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ ունեցավ «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստի շրջանակում: Հակոբյանը բարձր ամբիոնից հնչեցրեց Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքների, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտության, ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին:
Աննա Հակոբյան (ՀՀ վարչապետի տիկին) - Անցյալ տարի՝ այս օրերին, մեր ողջ ժողովուրդը, յուրաքանչյուր ընտանիք և մեզանից յուրաքանչյուրը ծանր օրեր էին ապրում։ Պատերազմը եկավ մեր տուն՝ մարդկային մեծ տառապանքներ պատճառելով։ Այդ տառապանքները մեզանից շատերի համար դեռ շարունակվում են. տասնյակ հայ ընտանիքներ ամեն օր սպասում են Ադրբեջանում գերության մեջ գտնվող իրենց որդիների ու դուստրերի վերադարձին։ Մենք բոլորս անհամբեր սպասում ենք նրանց ազատ արձակվելուն: Շնորհակալ ենք Ձեզ, Վալենտինա՛ Իվանովնա, անձնական ջանքերի համար, որոնք ուղղված են այս մարդասիրական խնդրի լուծմանը:
Աննա Հակոբյանը շեշտեց նաև, որ ժողովրդավարական ճանապարհով ընտրված Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտը աստիճանական հաղթահարելու և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար խաղաղության դարաշրջանը նշանավորելու նպատակով։
Աննա Հակոբյան - Արդեն երեք տասնամյակից ավելի հայերի և ադրբեջանցիների միջև արմատական տարաձայնություններ կան։ Այդ ընթացքում մենք անցել ենք պատերազմներով, թշնամանքի ու մշտական զինված միջադեպերի միջով։ Բայց այս ամենը չի հանգեցրել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այս հակամարտությունը դեռ սպասում է արդար, խաղաղ և, հետևաբար, երկարաժամկետ կարգավորման։ Մենք բոլորս սպասում ենք երկարատև խաղաղության հաստատմանը։
Անդրադառնալով հակամարտությունների կարգավորման և խաղաղության ճանապարհին աշխարհի կանանց դերին՝ վարչապետի տիկինն առաջարկեց այդ նպատակով ստեղծել այլընտրանքային հարթակներ և կառույցներ։
Աննա Հակոբյան - Կանայք իրավունք ունեն ավելի բարձր արտահայտել իրենց մայրական պահանջը՝ իրենց դուստրերի և որդիների խաղաղ կյանքի համար, ապագա սերունդների հոգատարության և սիրո համար: Կարծում եմ, որ այսօր արդիական է համապատասխան հարթակի ինստիտուցիոնալացման գաղափարը, որի միջոցով մենք՝ Եվրասիական տարածքի երկրների կանայք, կկարողանանք արտահայտել մեր կարծիքը խաղաղության և անվտանգության, մեր հասարակություններում կանանց դերի և տեղի, նրանց տնտեսական և քաղաքական ներուժի լիարժեք իրացման համար պայմաններ ստեղծելու մասին: Մենք պատրաստ ենք ամեն ջանք գործադրելու այդ գաղափարն իրականացնելու համար։
Վարչապետի տիկինը խաղաղության և անվտանգության համատեքստում կարևորեց ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ամրապնդումը, համագործակցությունը միջազգային հումանիտար խնդիրների լուծման և մարդկային արժանապատվությունը հարգելու նպատակով: Ի պատասխան Աննա Հակոբյանի ելույթի՝ Դաշնային խորհրդի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Կոսաչովը նշեց՝ բոլոր ներկաներն ակնկալում են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատում, և ռուսական կողմը պատրաստ է ամեն կերպ աջակցելու հայկական կողմին այդ հարցում:
Դումայի պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան էլ շեշտեց, որ աններելի են հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային կտտանքները և, իր աջակցությունը հայտնելով Աննա Հակոբյանին՝ հայտարարեց, որ պատրաստ են օգնելու՝ նման սուր հարցի լուծման համար անհրաժեշտ տեղեկատվություն հավաքելով: