Վախթանգ Մարգարյան (սուպերմարկետի տնօրեն) - Խնդրեմ՝ էստեղ ցույց տամ, որ ես պատվաստվել եմ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով: Մեկ դեղաչափ, այո՛:
Սուպերմարկետի տնօրենն իր օրինակն է ցույց տալիս աշխատակիցներին, համավարակի դեմ պայքարում ճիշտը պատվաստվելն է: Այս խանութի մոտ 250 աշխատողների մի մասը դեռևս նախընտրում է թեստավորվել, մյուսներն արդեն հասցրել են պատվաստվել առաջին և երկրորդ դեղաչափերով:
Այս պահին ավելի շատ թեստավորվածներն են` 60:40 տոկոսի հարաբերակցությամբ: 60-ը թեստավորված է, 40-ը՝ պատվաստված:
Բացի սննդի անվտանգության, համավարակի դեմ պայքարի միջոցառումների ստուգումներից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօրվանից նաև ստուգելու են թեստավորման ու պատվաստման գրանցամատյանները: Նրանք, ովքեր ընդունել են պատվաստման առաջին դեղաչափը, մինչև երկրորդ ներարկում կհամարվեն պատվաստման ընթացքում՝ ասում է ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետի տեղակալը:
Մանուել Մելիքյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետի տեղակալ) - Մինչև երկրորդ դեղաչափի ստանալը սահմանված ժամկետում նա կարող է այցելել աշխատանքի և նշված օրը ներկայանալ, որպեսզի ստանա երկրորդ դեղաչափը: Եթե երկրորդ դեղաչափի ժամկետը նրա կողմից կամ ինչ-որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով խախտվի, ապա որոշակի ժամանակ հետո նա պետք է թեստավորվի, ներկայացնի պատասխանը, որից հետո նոր կստանա իր երկրորդ դեղաչափը:
ՍԱՏՄ տեսուչներն արդեն կրկնակի, եռակի ստուգումներ են իրականացնում: Անցած տարվա համեմատ պատկերն այլ է՝ ասում է Մանուել Մելիքյանը:
Մանուել Մելիքյան - Հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 14-ը ՍԱՏՄ բոլոր ստորաբաժանումների կողմից իրականացվել է 17760 շրջայց, որի արդյունքում կազմվել է 263 արձանագրություն, որոնցից 11-ի մասով կայացվել է տուգանքի որոշում:
Անցած տարի խախտումները կոպիտ էին ու շատ, անգամ կիրառվում էին գործունեության կասեցումներ, իսկ այս տարի կիրառվում է միայն նախազգուշացում, ծայրահեղ դեպքում՝ տուգանք: