Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հոկտեմբերի 14-ի երեկոյան հակառակորդի զինված ուժերը կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված պաշտպանության բանակի մարտական հենակետի ուղղությամբ: Վիրավորվել է 6 հայ զինծառայող: Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:
ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԵՐԿՈՒ ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊ ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, հիշեցրել նաև օրեր առաջ հակառակորդի դիպուկահարի կրակոցից հայ քաղաքացիական անձի սպանության դեպքը:
ԱԳՆ հայտարարություն
«Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմից մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման երկրորդ լուրջ միջադեպն է, որի հետևանքով տուժում են քաղաքացիական և զինվորական անձինք: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ դիպուկահար կրակոցից սպանվել էր քաղաքացիական անձ Արամ Տեփնանցը․ ՀՀ ԱԳՆ համապատասխան հայտարարության մեջ հստակ նշված էր այդ հանցագործությունը պատշաճ կերպով հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ Կարևորում ենք ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և հետագայում նման միջադեպերի կանխման նպատակով»:
ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԼԱՐԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ. ԱՐՑԱԽԻ ԱԳՆ
Դեպքերի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով՝ Ադրբեջանը կրկին փորձում է արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում՝ բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ։
Արցախի ԱԳՆ հայտարարություն
«Ադրբեջանն ագրեսիվ գործողություններով նպատակ ունի ճնշման և ահաբեկման միջոցով հասնել Արցախի հայաթափմանը։ Այսպիսի քաղաքականությունը նաև հարված է Ռուսաստանին և ռուս խաղաղապահ առաքելությանը։
Արցախի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի քաղաքականությունը որակում է որպես ահաբեկչություն և ապակառուցողական դիրքորոշման դրսևորում։ Կրկին ընդգծում ենք, որ նման քայլերով Արցախին չեն վախեցնելու։ Արցախահայությունը հաստատակամ է ապրել իր պատմական հայրենիքում, պաշտպանել իր ինքնիշխանությունն ու արժանապատվությունը»:
ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՑ
Արցախի գլխավոր դատախազության հավաստմամբ՝ հայկական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ին:
Արցախի գլխավոր դատախազություն
«Մանր տրամաչափի զինատեսակներից կրակոցների տեսքով սադրիչ գործողություններ կատարվել են նաև Մարտունու շրջանի Հարավ և Մյուրիշեն համայնքների մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից: Դեպքից անմիջապես հետո ռուս խաղաղապահները մեկնել են լարվածության օջախներ, որից հետո կրակոցները դադարել են: Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում փորձում է սադրիչ գործողություններով խուճապային տրամադրություններ ձևավորել խաղաղ բնակչության շրջանում, որի իրագործման նպատակով սպանվեց նաև Մարտակերտի քաղաքային համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արամ Տեփնանցը»:
ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղի ունեցած միջադեպի համատեքստում նույնպես կարևոր է համարում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Կուզենայի, որ այս հարցին նայեինք ոչ թե երկու ԶՈՒ-երի միջև որևէ գործողություն, այլ նայենք այն տեսանկյունից, որ Նորշեն համայնքի մոտակայքում տեղակայված հայկական դիրքերը պաշտպանում են Նորշենի խաղաղ բնակչության կյանքը: Այսինքն՝ դիրքերն այնքան մոտիկ են տեղակայված խաղաղ բնակչությանը՝ մոտ 500 մետրի մասին է խոսքը, որ մեր դիրքերը ուղղակի իրենց վրա են վերցնում խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգը: Եվ հենց այս տեսանկյունից, սա ոչ թե երկու զորքերի միջև որևէ միջադեպ է, այլ կոնկրետ ուղղված է այն մարդկանց դեմ, որոնք պահպանում են խաղաղ բնակավայրի ժողովրդի կյանքի իրավունքը:
ԱՐՑԱԽԻ ԱԱԾ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԻՆ
Սահմանային միջադեպին անդրադարձել է նաև Արցախի ազգային անվտանգության ծառայությունը, հայտարարել՝ եթե նախկինում կրակոցները հաճախ կրել են նախազգուշական նպատակ և ուղղված չեն եղել հայ զինծառայողներին, ապա վերջին օրերին կտրուկ փոփոխվել է կրակոցի ուղղությունը` որպես թիրախ ընտրելով արդեն մարդկային կյանքերը: Արցախի ԱԱԾ-ն հրապարակել է տեսանյութ, որն ակնհայտորեն վկայում է՝ հայկական կողմը որևէ վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի զինվորականների համար:
ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՑՎԵԼ ԵՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի գործողությունների մասին անհապաղ տեղեկացվել են Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահները:
Սերգեյ Կոպիրկին (ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան) - Ռուսաստանն անում է հնարավորը, որպեսզի ապահովի անվտանգությունն ու թույլ չտա էսկալացիան:
Այսօր առավոտյան Ադրբեջանը դիմել է ևս մեկ սադրանքի՝ կրակ բացելով Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Արցախի պաշտպանության նախարարությունը շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը՝ ադրբեջանական կողմին կոչ անելով ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան