Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում և Հանրապետական բժշկական կենտրոնում այցելել է երեկ ադրբեջանական ԶՈՒ բացած կրակի հետևանքով տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած 6 զինծառայողներին և ծանոթացել նրանց վիճակին. կատարված վիրահատություններից հետո նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Հոկտեմբերի 15-ին ադրբեջանական կողմից թիրախավորվել է նաև ԱՀ պաշտպանության բանակի սանիտարական մեքենան, որի հետևանքով տուժողներ չկան: Այս միջադեպի կապակցությամբ հարկ է հատուկ նշել, որ ադրբեջանական կողմը ոչ միայն հերթական անգամ կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը, այլև հստակ թիրախավորել է հումանիտար գործառույթ իրականացնող օբյեկտ, որը միջազգային իրավունքով հատուկ պահպանության ներքո է։
Գրանցված միջադեպերը հերթական անգամ ապացուցում են ադրբեջանական կողմի ագրեսիվ և լկտի պահվածքը և նրանց նպատակադրությունը ուժի կիրառմամբ և առհասարակ բոլոր մեթոդներով խաթարելու բնականոն կյանքը Արցախում, հայաթափելու և էթնիկ զտման ենթարկելու Արցախի հայությանը։
Հատկանշական է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից ուղիղ թիրախային հարված է հասցվել Արցախի ՊԲ այն հենակետի ուղղությամբ, որը տեղակայված է Նորշեն խաղաղ բնակավայրերից մի քանի մետր հեռավորության վրա։
Սա ինքնին փաստում է, որ հայ զինծառայողները իրականացնում են բացառապես խաղաղ բնակչության կյանքի, առողջության իրավունքի պաշտպանության գործառույթ, այնինչ մեր խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական հենակետերը իրենց ներկայությամբ ու ագրեսիվ պահվածքով ուղիղ սպառնալիք են հանդիսանում խաղաղ բնակավայրերի համար։ Դրանց անհապաղ հեռացումը կարևոր է քաղաքացիական բնակչության իրավունքների, մասնավորապես՝ կյանքի իրավունքի պաշտպանության համար։
Միևնույն ժամանակ խաղաղության պահպանման առաքելությամբ Արցախում տեղակայված ռուսական ուժերը և միջնորդները պետք է ունենան ոչ թե միջադեպերը պոստ ֆակտում արձանագրելու գործառույթ, այլ հրադադարի խախտման ցանկացած միջադեպ արդյունավետ հետաքննելու և դրանց կրկնությունը կանխելու իրավասություն և հստակ մեխանիզմներ։ Խաղաղության իրական պահպանման տեսանկյունից շատ կարևոր է նաև ռուսական խաղաղապահ հենակետերի մշտական տեղակայումը և ներկայությունը Արցախի սահմանային դարձած բոլոր բնակավայրերում։
Գրանցված միջադեպերը ևս մեկ արձանագրումն են այն բանի, որ խաղաղ գոյակցության շուրջ ադրբեջանական թեզերը կեղծ են, առանց այդ ուղղությամբ իրական նպատակների, և միտված են թոզ փչելու միջազգային հանրության և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող կողմերի աչքերին։
Խաղաղության և համակեցության վերաբերյալ ադրբեջանական հայտարարությունները լոկ խոսքեր են, որոնց տակ Ադրբեջանը առաջ է մղում իր հայատյաց, ցեղասպան և ֆաշիստական օրակարգը։
Միջազգային կազմակերպությունները, առանձին պետությունները բաց աչքերով պետք է նայեն առկա իրավիճակին և կողմերի իրական նպատակներին և գործողություններին՝ չտրվելով ադրբեջանական մանիպուլյացիաներին։
Նրանց անտարբերությունը վերջնականապես խորտակում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրակարգը և վտանգի տակ դնում դրա կիրառական նշանակությունը՝ այն վերածելով լոկ գեղեցիկ խոսքերի բառակույտի՝ առանց այն պաշտպանելու իրական ցանկության և վճռականության»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղամ Ստեփանյանը: