Հոկտեմբերի 15-ին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ:
Հայաստանի ու Բելառուսի ԱԳ նախարարները մանրամասն անդրադարձել են հայ-բելառուսական համագործակցության օրակարգին` ինչպես երկկողմ, այնպես էլ` բազմակողմ ձևաչափերի, այդ թվում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում։
Հարաբերությունների հետագա զարգացման առումով երկուստեք կարևորվել է բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելությունների իրականացումը։
Նախարարները գոհունակություն են հայտնել վերջերս երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև Մինսկում անցկացված քաղաքական խորհրդակցությունների արդյունքների կապակցությամբ։
Երկուստեք ընդգծվել է տնտեսական կապերի ու ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը, և այդ համատեքստում կարևորվել տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը: Որպես հետաքրքրություն ներկայացնող ուղղություններ առանձնացվել են բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, սննդի արդյունաբերությունը և այլն։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո տևական և համապարփակ կարգավորման կարևորությունը։