Ադրբեջանական զինված ուժերի կրակոցից Արցախում 6 զինծառայող է վիրավորվել: Բարեբախտաբար, զոհեր չունենք: Այս մասին հայտնում են պաշտպանության բանակից, վերահաստատում Արցախի առողջապահության նախարարությունից:
Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է: Այս պահին նրանք վիրահատվում են: Այս մասին Արցախից հայտնում է «Լուրերի» թղթակիցը, որը զրուցել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ:
Միքայել Հայրիյան (Արցախի առողջապահության նախարար) - Փառք Աստծո, զոհ չունենք: Վիրավորներից 4-ը թեթև և միջին ծանրության են, ունենք երկու վիրավոր, որոնց վիճակը ծանր է: Երկուսն էլ վիրահատվում են, այս պահին վիրահատությունն ընթանում է, մոտենում է ավարտին, ամեն ինչ նորմալ է: Վիրավորներից մեկի մոտ քունքոսկրի շրջանում բեկորային վնասվածք է, բեկորը հեռացված է: Մյուս վիրավորի մոտ նույնպես բեկորային վնասվածք է՝ որովայնի և թոքի շրջանում: Այստեղ ևս ընթացքը նորմալ է, շուտով կավարտվի:
Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Արցախցու կյանքն այսօր գտնվում է ամենամեծ վտանգի տակ: Վառ օրինակն այսօր գրանցված դեպքն է: Ուզում եմ, որ այս հարցին նայենք ոչ թե երկու զինված ուժերի միջև գործողություն, այլ նայեինք այն տեսանկյունից, որ Նոր Շեն համայնքի մոտակայքում տեղակայված հայկական դիրքերը պաշտպանում են Նոր Շենի խաղաղ բնակչության կյանքը: Այսինքն՝ դիրքերն այնքան մոտիկ են տեղակայված խաղաղ բնակչությանը, մոտ 500 մետրի մասին է խոսքը, որ մեր դիրքերն ուղղակի իրենց վրա են վերցնում խաղաղ բնակչության կյանքին սպառնացող վտանգը: Այս տեսանկյունից պետք է նայել, որ սա ոչ թե երկու կողմերի զորքերի միջև բախում է կամ միջադեպ, այլ կոնկրետ ուղղված է այն մարդկանց դեմ, որոնք ապահովում են խաղաղ բնակավայրի ժողովրդի կյանքի իրավունքը: