Քովիդի հետևանքով ևս մեկ ծննդկան է մահացել: Ներարգանդային մահ է արձանագրվել նաև պտղի մոտ:
Գեորգի Օկոև (Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր) - Հետազոտությունները ցույց են տալիս այն ծայրահեղ, ծանր տրոմբոցիտ փոփոխությունները, որոնք բնորոշ են քովիդ ինֆեկցիային, դրա համար պատվաստվելը անհրաժեշտ է:
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Օկոևը միանգամից հերքում է շրջանառվող լուրերը, թե պատվաստումը կարող է ազդել մարդու վերարտադրողականության վրա, ասում է՝ պատվաստվելուց հետո հղիանալու բազմաթիվ դեպքեր են գրանցվել:
Գեորգի Օկոև - Ունեցել ենք, հղիությունը նորմալ անցել է, ունեցել ենք նաև ծննդաբերություն:
Մասնագետը խորհուրդ է տալիս հղիություն պլանավորել պատվաստման երկրորդ դեղաչափը ստանալուց և որոշակի ժամանակահատված սպասելուց հետո: Արտամարմնային բեղմնավորման պատրաստվողներին՝ պատվաստվել մինչև բեղմնավորման փուլը սկսելը: Կրծքով կերակրող մայրերը պատվաստման հակացուցում չունեն:
Գեորգի Օկոև - Մասնագետների հետ խորհրդակցեն, հիմնականում «Մոդեռնան», «ԱստրաԶենեկան» թույլ են տալիս օգտագործել:
Սիրտանոթային հիվանդություններ ունեցողները ավելի խոցելի են: Սրտաբանների ասոցիացիայի նախագահը նշում է՝ նրանց մոտ քովիդի ընթացքը ծանր է, ելքը շատ հաճախ՝ ցավալի:
Համլետ Հայրապետյան (ՀՀ ԱՆ սրտաբանության գծով խորհրդատու, Սրտաբանների ասոցիացիայի նախագահ) - Մասնավորապես խոսքը վերաբերում է զարկերակային հիպերթենզիայով, սրտային անբավարարությամբ, սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապողներին: Այդ իսկ պատճառով շատ ավելի է կարևորվում այս հիվանդների պրոֆիլակտիկան կորոնավիրուսից:
Վիրուսի անմիջական ազդեցությունը կարող է բերել սրտի վնասման, սրտամկանի ինֆարկտի, տարբեր տեսակի առիթմիաների:
Համլետ Հայրապետյան - Բացարձակ հակացուցում սրտանոթային հիվանդությունների պատճառով չկա, կարող է լինել որոշակի հիվանդների մոտ սրացման, ծանր շրջաններում, երբ խորհուրդ է տրվում հետաձգել որոշ ժամանակով, բայց հակացուցում մենք չունենք:
Ստենտավորման պատրաստվող հիվանդներին մասնագետը խորհուրդ է տալիս վիրահատությունից առաջ և անմիջապես հետո չպատվաստվել՝ տրոմբի հավանականությունը տեղադրված մետաղի պատճառով մեծանում է:
Կորոնավիրուսը խաթարել է ուռուցքային հիվանդների բուժման բնականոն ընթացքը: Շատերի մոտ առկա է բացասական դինամիկա:
Հայկուհի Գյոկչյան (ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու) - Բացի դրանից, մենք նկատել ենք մի հետաքրքիր բան՝ կորոնավիրուսն ազդում է հատուկ ներվային բջիջների վրա և հեմատոէնցեֆալիկ վայրերն է թուլացնում: Դրա պատճառով ունեցանք որոշակի հիվանդներ, որոնք քովիդից հետո ունեցան ուղեղի մետաստազավորում:
Ուռուցք ունեցող հիվանդները նույնպես պատվաստվելու հակացուցում չունեն, բացառությամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների: Կան որոշակի իրավիճակներ, որոնց դեպքում պատվաստումը պետք է հետաձգել:
Հայկուհի Գյոկչյան - Դա ոսկրածուծի տրանսպլանտացիա ստացող հիվանդներն են, որոնց խորհուրդ է տրվում 3 ամիս հետաձգել պատվաստումը, մեծ վիրահատության պատրաստվողներին ևս խորհուրդ է տրվում որոշակի ժամանակով հետաձգել, և ցելյուլար կամ բջջային թերապիա, դա հեմատոլոգիական հիվանդներն են, որոնց խորհուրդ է տրվում որոշակի ժամանակով հետաձգել պատվաստումը:
Գյոկչյանի խոսքով՝ բոլորն էլ մանկական տարիքում պատվաստվել են ջրծաղիկի, կարմրուկի, կարմրախտի դեմ և շարունակել առողջ ապրել, այս պատվաստումը հերթականն է: