ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով խաղաղ բնակչի մահացու վիրավորում ստանալու փաստին՝ խորին ցավակցություն հայտնելով զոհվածի բոլոր հարազատներին ու մերձավորներին:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համապատասխան քննություն է անցկացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։ Իրենց պատասխանատվության գոտում միջադեպերի կանխարգելմանն ուղղված ջանքերը համակարգելու համար ռուս խաղաղապահները համագործակցում են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշել է Զախարովան:
Նրա խոսքով՝ ողբերգական միջադեպը հաստատում է երեք երկրների ղեկավարների հայտարարությունների բոլոր դրույթների անվերապահ պահպանման կարևորությունը:
«Կոչ ենք անում երկու կողմերին որքան հնարավոր է շուտ վերացնել հումանիտար դաշտում առկա փոխադարձ գրգռիչները, ամբողջ ծավալով փոխանակել ռազմագերիներին «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով և ականապատ դաշտերի քարտեզները»: