Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է օրեր առաջ Մարտակերտի հարակից տարածքում ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանության դեպքին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա - Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան քննություն է անցկացնում՝ երկու կողմի ներկայացուցիչների ներգրավմամբ:
Իրենց պատասխանատվության գոտում միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերի համակարգման համար ռուս խաղաղապահները համագործակցում են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Նրա խոսքով՝ այդ ողբերգական միջադեպը հաստատում է երեք երկրի առաջնորդների հայտարարությունների բոլոր դրույթների անխափան կիրառման կարևորությունը:
«Կոչ ենք անում երկու կողմին հնարավորինս շուտ վերացնել հումանիտար դաշտում առկա փոխադարձ գրգռիչները, ամբողջ ծավալով փոխանակել «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով գերիներին և ականապատ տարածքների քարտեզները»,- ասել է Զախարովան: