ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց պետական բյուջեի եկամուտների ցուցանիշները: Ըստ այդմ՝ 2021 թվականի 9 ամիսների ընթացքում հավաքագրվել է 1 տրիլիոն 137 միլիարդ դրամ:
«2019 թվականի նկատմամբ 2021-ին ավել հավաքագրված գումարը կազմում է 58.1 մլրդ, կամ աճը կազմում է 5.4 տոկոս: Ինչո՞ւ եմ կարևորում 2019 թվականը, որովհետև 2019 թվականը բոլոր ցուցանիշների, այդ թվում՝ պետական բյուջեի եկամուտների առումով ռեկորդային տարի է եղել: 1 տրիլիոն 137 մլրդ դրամը, որ նշեցի, ևս ռեկորդ է 9 ամիսների հաշվարկմամբ, այսինքն՝ երբեք պետական բյուջեի եկամուտները 9 ամսվա հաշվարկով այսքան ավել չեն եղել»,- ասաց Բադասյանը:
Խոսելով պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցության գործոնների մասին՝ Բադասյանն անդրադարձավ աշխատատեղերի թվին:
«Օգոստոս ամսվա տվյալներով՝ աշխատատեղերը եղել են 642292, հարկման բազան կազմել է շուրջ 139.1 մլրդ դրամ, միջին աշխատավարձը 216665 դրամ է: Սա ևս էապես գերազանցում է 2019 և 2020 թվականների ցուցանիշները»,- ասաց ՊԵԿ նախագահը: