Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային խմբերից մեկն այսօր ստուգայց կատարեց Պետական գույքի կառավարման կոմիտե՝ պարզելու, թե որքանով են պահպանվում հակահամաճարակային կանոնները: Հետաքրքրվում էին նաև, թե աշխատակիցներից քանիսն են պատվաստվել ու քանիսն են նախընտրել ՊՇՌ թեստ հանձնելու միջոցով հավաստել, որ կորոնավիրուսով վարակված չեն:
Այցն անակնկալ էր, և Կոմիտեի աշխատակիցներից ոմանք, տեսնելով թղթապանակներով ու տեսախցիկների ուղեկցությամբ ներկայացածներին, հետաքրքրված զննում էին ու հարցնում՝ «Ի՞նչ է կատարվում», «Ի՞նչ հաշիվ է»:
Տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրության արդյունքում գնահատեցին, որ հակահամաճարակային կանոնները, ընդհանուր առմամբ, պահպանվում են: Կային փոքր խախտումներ, որոնք արձանագրության հիմք չդարձրին՝ առաջարկելով վերացնել դրանք: «Բայց էլի ենք այցելելու: Դա կարող է լինել ցանկացած պահի»,- տեղեկացրին:
Գայանե Խաչատրյան, ԱԱՏՄ հանրային կապերի պատասխանատու - Ոտնակով աղբամանների առկայություն պետք է լինի յուրաքանչյուր աշխատասենյակում: Դա հանձնարարվեց, որ ավելացնեն: Եվ ախտահանիչների խնդիրն էր, որ պետք է լինեն 70-90 տոկոսայնության սպիրտի հիմքով: Ախտահանիչներն առկա էին, սակայն վրան գրված չէր:
Պետական գույքի կառավարման կոմիտեի հաստիքներից զբաղված է 83-ը: Կոմիտեի գլխավոր քարտուղարի խոսքով՝ աշխատակիցներից 71-ը պատվաստված ք, 8-ը ներկայացրել է ՊՇՌ թեստի բացասական պատասխան, մյուս չորսը կամ սպասում են պատվաստվելու իրենց հերթին, կամ ՊՇՌ թեստի արդյունքին:
Գայանե Խաչատրյան - Տեսչական մարմինն ստուգայցեր է իրականացնում թե՛ մասնավոր. թե՛ պետական հատվածում: Կարող եմ նշել, որ պետական հատվածում բավականին լավ իրավիճակ է, 96 տոկոսով պատվաստումներն ապահովված են, աշխատակիցները պատվաստված են և հակահամաճարակային կանոնները հինականում պահպանվում են:
«Լուրերը» փորձեց նաև մասնավոր կազմակերպությունների կոնկրետ օրինակներով պարզել պատվաստված և ՊՇՌ թեստ հանձնած աշխատակիցների համամասնությունը: Այցելեցինք բանկեր, հայտնի հիպերմարկետների ցանցի խանութներից ու հյուրանոցներից մեկը: Բոլոր տեղերում տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին տրամադրել մեզ հետաքրքրող տեղեկությունները:
Եղանք նաև Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 հիմնական դպրոցում: Տնօրեն Լիլիթ Թևանյանի փոխանցմամբ՝ 58 աշխատակցից պատվաստված է 30-ը, իսկ 28-ը թեստավորվել են երկու օր առաջ: Արդյունքները սպասում էին ստանալ այսօր, բայց մինչ այդ լաբորատորիայից տեղեկացվել են, որ դրական պատասխան չկա:
Լիլիթ Թևանյան, Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան 17 հիմնական դպրոցի տնօրեն - Զանգահարել եմ լաբորատորիա, որտեղ իրականացվել է թեստավորումը: Ասացին, որ դրական արդյունք չունենք, այսինքն՝ բոլոր ուսուցիչների պատասխանները բացասական են:
Տնօրեն Թևանյանը ասում է՝ աշխատակազմն ազատ է եղել պատվաստման ու թեստավորման միջև ընտրության հարցում: Չի եղել դեպք, որ որևէ մեկը հրաժարվի թե՛ մեկից, թե՛ մյուսից: Ինքը նախընտրել է պատվաստվել:
Հեղինակ՝ Աննա Զախարյան