Կառավարության որոշմամբ՝ մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարը կփոխհատուցվի 5 տարի ժամկետով:
«Նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, գյուղատնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռի նվազեցման անհրաժեշտությամբ»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նա նշեց, որ Հայաստանում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը նորմատիվայինից 2-3 անգամ ավելի է:
«Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա այդ տարածքներում աճեցնել ջրախնայող մշակաբույսեր, կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերով ջուրը կօգտագործվի արդյունավետ եղանակով»,- նշեց Գնել Սանոսյանը: