Ազգային ավիափոխադրողի ստեղծման համար Կառավարությունն այսօր ներդրեց 10 մլն դոլար: Նույնքան էլ կներդնի «Էյր Արաբիան» ու համատեղ՝ պետություն-մասնավոր գործակցությամբ կձևավորվի նոր՝ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը: 2018-ին հնչեցրած միտքն այսօր իրականություն է դառնում՝ նկատեց վարչապետ Փաշինյանը:
Պետության ֆինանսական մասնակցությունն այդ 10 միլիոնով սահմանափակվելու է, ու աջակցության համար ընկերությունն այլևս կառավարության դուռը չի թակելու՝ հստակեցրեցին պատասխանատուները: Պետական բաժնետոմսերի կառավարումն էլ հանձնվելու է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին: ԱՆԻՖ-ի ղեկավարը մանրամասնեց՝ սա պարզապես ավիաընկերության գրանցում չէ: «Էյր Արաբիան» Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ամենամեծ բյուջետային փոխադրողն է՝ 20 տարվա փորձով: Դավիթ Փափազյանը վստահ է՝ ծրագիրը կենսունակ է, քանի որ կառուցվում է պրոֆեսիոնալ կառավարման, փորձված մոդելի ու մրցունակության վրա:
Թեև այս ոլորտում տհաճ հիշողություններ կան, պետք է գնալ ընտրած ճանապարհով՝ ասաց վարչապետը, հույս հայտնեց, որ նախագիծը կհաջողի, ավիաընկերությունն էլ կդառնա պետության ու կառավարության հպարտությունը:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ Է ԳՈՐԾԱՐԿՈՒՄ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Օրակարգի մյուս երկու զեկուցվող հարցն արդեն գյուղոլորտին էր վերաբերում: Մինչև սեզոնը կփակվի, դեռ աշնանացան ցորենը պետք է ցանվի: Որ սերմը որակով լինի, բերքն էլ՝ առատ, Կառավարությունն արդեն երկրորդ տարին սուբսիդավորում է աշնանացան սերմի գինը՝ կգ մեջ 70 դրամ: Ծրագիրը 2020-ից է մեկնարկել, էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ առաջին փուլով 15 հազար հա վրա 4200 տոննա ցորեն է ցանվել: Քերոբյանը նկատեց՝ արձագանքները դրական են:
Անցած տարվա տվյալները կամփոփվեն նոյեմբերի վերջին՝ զեկուցեց Քերոբյանն ու նախագծով առաջարկեց 329 մլն դրամ հատկացել այս փուլի սուբսիդավորմանը: Վարչապետն էլ հիշեց՝ ծրագիրը գործարկել էին, որ ֆերմերների մի մասը գումար խնայելու պատճառով չհրաժարվի բարձրակարգ սերմ ցանելուց: Բայց որ շուկայում սերտիֆիկացված սերմի անվան տակ այլ բան չվաճառվի, Կառավարությունն անելիք ունի:
Ծրագիրը ժամանակավոր է լինելու՝ հիշեցրեց Փաշինյանն ու հավելեց՝ Կառավարությունն առայժմ կօգնի, որ գյուղացին սեփական փորձով համոզվի՝ որակյալին նախապատվություն տալն ավելի շատ եկամուտ է բերելու: Եկամտի ճիշտ հաշվարկ, հողատարածքի օպտիմալ օգտագործում ու ամենակարևորը՝ ջրի խնայողություն: Այս նպատակի համար էլ նոր ծրագիր է սկսվում: Կառավարությունը որոշեց՝ 5 տարով ամբողջությամբ կփոխհատուցի այն մարդկանց ոռոգման ջրի վճարը, որոնք մինչև 3 հա տարածքում կաթիլային համակարգ կներդնեն: Վարչապետը հիշեցրեց՝ սա իրենց Կառավարության նախընտրական խոստումներից էր:
Կաթիլային ոռոգման անցնել ցանկացողների համար էլ արդեն գործող մեկ այլ ծրագրով Կառավարության աջակցությամբ անտոկոս վարկեր են տրամադրվում՝ հիշեցրեց Փաշինյանը: Գործադիրի ղեկավարի գնահատմամբ՝ ապագան կաիթլային ոռոգմանն է, քանի որ կլիմայի փոփոխությամբ ջրի պահանջարկն ու սպառումն ավելանալու են, գինը՝ թանկանալու:
Գործնականում պետք է փոխել նաև մարդկանց ընկալումը տնամերձների նկատմամբ՝ ասաց Փաշինյանը, նկատեց՝ շրջայցերի ժամանակ է համոզվել՝ մարդկանց մեծ մասը տան դռան կողքի հողին որպես եկամտի աղբյուր չի նայում:
Բայց կառավարության ղեկավարը նոր գաղափար ունի:
Պետական նոր ծրագիր իրականացնելու հանձնարարականն արդեն տրված է՝ գաղափարը նախագծի տեսքով Կառավարության նիստին կքննարկվի առաջիկա ամիսներին՝ ասաց Փաշինյանը: