Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակն է հասել Երևան՝ հատուկ չվերթով:
Հայկ Գրիգորյան (ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի խորհրդական) - Շնորհակալություն եմ հայտնում ՌԴ կառավարությանը, այս պահին Հայաստանին նվիրաբերում են 100 հազար դեղաչափ «Սպուտնիկ V»:
100 հազար դեղաչափը նախատեսված է 50 հազար մարդու համար: Հատուկ չվերթով Հայաստան հասած բեռը Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակում է, մասնավորապես, զինված ուժերի անձնակազմին պատվաստելու համար:
ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատարը նշում է՝ զինված ուժերում պատվաստվելը կամավոր է, պատվաստման գործընթացը ակտիվ փուլում է: Մինչ այս պահը հեպատվաստումային որևէ բարդություն չի գրանցվել՝ նշում է Փաշիկյանը:
Գեղամ Փաշիկյան (ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատար) - ԶՈՒ մարտունակության պահպանման և համաճարակային իրավիճակը կայունացնելու նպատակով միակ միջոցը պատվաստվելն է:
Այս պահին ամբողջ հանրապետությունում ժամկետային զինծառայողների շրջանում կա կորոնավիրուսի 2 դեպք՝ նշում է Փաշիկյանը, նաև շեշտում՝ հակահամաճարակային կանոնները զինված ուժերում խստորեն պահպանում են:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակն էլ շեշտում է՝ 100 հազար դեղաչափը համագործակցության միայն մի մասն է:
Իգոր Ռատուշնյակ - Այս ակցիան իրականացվել է որպես Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակություն, բայց իրականում սա մի մասն է բազմակողմանի օգնության, որ ՌԴ-ն ցուցաբերում է եղբայրական Հայաստանին համավարակի առաջին օրվանից:
Որպես խորացող համագործակցության օրինակ՝ Ռատուշնյակը բերում է Հայաստանում «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի արտադրությունը, որն այժմ որակի վերահսկման փորձաքննության փուլում է:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան