Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին 267,441.2 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ՝ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով:
Ըստ հիմնավորման՝ 2020 թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի հավանությանն են արժանացել 700 սուբվենցիոն ծրագրեր, իսկ 2021-ին՝ 678 ծրագիր:
Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակույթի տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազիֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ: