Կառավարության նիստում Standard&Poor’s միջազգային գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշին անդրադարձել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա խոսքով՝ այդ վարկանիշը նպաստում է պարտքի շուկայի հասանելիությանը և պայմանների լավարկմանը։
«Բայց նաև կապիտալի շուկան է մեզ համար գերկարևոր խնդիր։ Եվ սա իրադարձություն է, որը նպաստում է ներքին կապիտալի շուկայի ձևավորմանը և ապահովում մեր մասնավոր հատվածի ընկերությունների մուտքը կապիտալի շուկա, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Սա, իրոք, կարևոր իրադարձություն էր»,- հայտարարեց Գրիգորյանը:
Փոխվարչապետի խոսքով՝ որքան շատ լինեն հեղինակավոր գործակալությունների կողմից վարկանիշավորումներ, այնքան շուկան համարվում է ավելի ճշգրիտ և դիվերսիֆիկացված։
«Մի բան է, որ մեկ վարկանիշ շնորհող կազմակերպություն է խոսում դրա մասին, մեկ այլ բան է, երբ տվյալ դեպքում երեք առաջատար վարկանիշ շնորհող կազմակերպություններ տվել են գնահատականներ, որոնք բավական սիմետրիկ են։ Այստեղ կա մեկ այլ կարևոր բաղադրիչ՝ ըստ էության, գնահատականների համակարգի մեջ շեղում չկա, շատ համահունչ են գնահատականները։ Սա շատ կարևոր է նաև մեր ռազմավարական նպատակի՝ կապիտալի շուկայի ձևավորման ուղղության համար»,- հայտարարեց Մհեր Գրիգորյանը: