ԻՐԱՆՑԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԼՈՒՐԸ ՀԵՐՔՎԵԼ Է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին մամուլում տարածված լուրերը:
Խաթիբզադեն պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է ոչ թե վարորդներին, այլ Իրանի երկու այլ քաղաքացիների արտահանձնմանը, որոնք շարունակելու են իրենց պատիժը կրել Իրանում: Սեպտեմբերից Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում ադրբեջանական կողմը խոչընդոտներ է ստեղծում իրանական բեռնատարների տեղաշարժի համար, իսկ սեպտեմբերի 15-ին ձերբակալել է իրանցի երկու վարորդների, ինչը լայն արձագանք է ստացել Իրանում:
Նախօրեին Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդադարձել էին ինչպես բեռնատարների անխոչընդոտ տարանցման, այնպես էլ իրանցի վարորդների ազատ արձակման խնդիրներին:
ՌԴ-Ն ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿՅԱՆՔԻ ԿԿՈՉՎԻ
Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում իրադրության կարգավորման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը կյանքի կկոչվի:
Կանանց եվրասիական համաժողովի շրջանակում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Իհարկե մտահոգվում ենք, իհարկե ցանկանում ենք, որ համաձայնագիրը կյանքի կոչվի, որպեսզի ընթանա տնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը, ինչը կամրապնդի քաղաքական ջանքերը»,- ասել է Մատվիենկոն:
ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ
Լեռնային Ղարաբաղում մարտական պատրաստվածության պահպանմանն ուղղված գործողությունների շրջանակում ռուս խաղաղապահները համալիր պարապմունքներ են անցկացրել 27 դիտակետում:
Զինծառայողները քայլեր են մշակել հնարավոր խախտումները, սադրիչ գործողությունները կանխելու և դիտակետերի դեմ հարձակումը հետ մղելու ուղղությամբ: Մարզումներին մասնակցել են նաև ռուսական խաղաղապահ զորակազմի ականանետային հաշվարկները:
Հրետանավորները գործողություններ են մշակել՝ ուղղված կրակային կետերը զբաղեցնելուն, նշված կետերը թիրախավորելուն, հետախուզությանը և կրակային դիրքերի փոփոխությանը:
ԱՆԿԱՐԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԹԱԼԻԲՆԵՐԻ ՀԵՏ
Աֆղանստանի արդարադատության նախարարության ղեկավարի հետ հանդիպմանը Քաբուլում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է համագործակցելու Աֆղանստանում թալիբների ժամանակավոր կառավարության հետ:
Թալիբների արդարադատության նախարարության ղեկավարը շեշտել է, որ թալիբները հավատարիմ կմնան Աֆղանստանի նախկինում ստանձնած միջազգային պարտավորություններին, եթե դրանք չեն հակասում շարիաթի դրույթներին:
Աշխարհի ոչ մի երկիր դեռ պաշտոնապես չի ճանաչել թալիբների ժամանակավոր կառավարությունը:
ԻՍՐԱՅԵԼՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ ԿԽԱՓԱՆԻ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
Բանակցությունների հետաձգման ամեն օր Թեհրանին մոտեցնում է միջուկային զենքի մշակմանը՝ հայտարարել է Իսրայելի արտգործնախարարն ու հավելել, որ Իսրայելն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի ցանկացած միջոց գործի դնել՝ դա կանխելու համար:
Յաիր Լապիդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը նշել է, որ այցի կենտրոնում Իրանի միջուկային սպառազինման մրցապայքարն է:
Համատեղ ասուլիսի ընթացքում արտգործնախարարները Իրանի միջուկային ծրագրից բացի, անդրադարձել են նաև Պաղեստինի հարցին, Եմենում պատերազմին: