Ինչպես ինքնակրթվել ու դառնալ ավելի պատասխանատու, լայնախոհ և ինչպես կատարած աշխատանքն ավելի տեսանելի դարձնել գործատուի համար: Հայաստանում հյուրընկալված FrugАgile կոնֆերանսում են դասավանդում մեր երկիր ժամանած ֆրանսիացի մասնագետները: Կոնֆերանսի նախագահը որպես զբոսաշրջիկ Երևանում եղել էր 2013-ին:
Ֆարիս Բլոկ (FrugAgile կոնֆերանսի նախագահ) - «Դիջիթեյն» ընկերության հարկի տակ մեր կոնֆերանսը հյուրընկալելու գաղափարը նորից ինձ Հայաստան բերեց: Կպատմենք բիզնեսում ճկունության նոր ուղղության մասին, և թե ինչ փուլերով է պետք անցնել, որ նորարարական մտքերը բիզնես դարձնեն: Հայաստանում, գիտեմ, որ նման կոնֆերանսների մշակույթը զարգացած չէ, քանի որ այստեղ որպես մասնագիտություն չեն ընկալում ճկուն լինելու նուրբ արվեստը դասավանդելը, այնինչ 10 տարուց ավելի է տեխնոոլորտում հատուկ մասնագետներ են աշխատում՝ մարդկային ռեսուրսի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Մարդիկ հիմնականում անվստահ են, կասկածում են իրենց գիտելիքին ու կարողություններին, իսկ նման հանդիպումներին օգնում են հասկանալ ուժեղ կողմերը և դառնալ նախագծերի պրոֆեսիոնալ ղեկավարներ:
Բենջամին Ֆերայզեն (տեխնոլոգիական ոլորտի քոուչ) - Իմ փոքրիկ ընկերությունն եմ հիմնել, որ տարբեր տեխնոընկերությունների հետ գործակցելուց բացի մարդկանց հետ նաև աշխատում եմ անհատապես: Մինչև այստեղ գալս գիտեի, որ դժվար ժամանակներ են Հայաստանում: Ու Փարիզի հայ գործընկերներս խորհուրդ տվեցին գալ ու իմ փորձը փոխանցել:
20 տարի ծրագրավորման տարբեր ընկերություններում աշխատած ծրագրային ապահովման ինժեները, օրինակ՝ սկսնակներին խորհուրդ է տալիս միշտ պլան ունենալ: Կոնֆերանսին էլ է նման խորհուրդներ տալիս:
Էրիկ Պատրիսիո (ծրագրային ապահովման ինժեներ) - Կոնֆերանսի անունը՝ «Ֆղյուգաժիլ», ֆրանսերեն «խնայողություն» և «ճկունություն» բառերից է: Մենք սովորեցնում ենք մեթոդներ, որոնք անհրաժեշտ են ոչ միայն տեխնոոլորտի աշխատողներին, այլև, վստահ ենք, որ խնայելն առաջնահերթ է էկոլոգիայի, քաղաքականության, կազմակերպչական ոլորտներում: Սա դեռ մասնագիտություն չի ընկալվում, որովհետև թվում է, թե պարզ խորհուրդներ են, բայց սա է ապագան:
Ֆրանսիացի մասնագետների կազմակերպած երկօրյա կոնֆերանսին մասնակցությունը Հայաստանում անվճար է: Փարիզում մուտքն արժի 5-20 եվրո: