Եվս մեկ-երկու շաբաթ, և Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցի սաները դասերը կանցկացնեն իրենց երազանքների կրթօջախում: Շինարարությունը 3 տարի առաջ էին սկսել. եթե գործից գործ չբացվեր, ու հավելյալ նախագծերի անհրաժեշտություն չառաջանար, շենքն արդեն կշահագործվեր ըստ նպատակի: Մյուս կողմից էլ՝ քովիդն ու պատերազմը դանդաղեցրին աշխատանքները: Բայց կառուցապատումն արդեն ավարտվել է, մնում է մաքրեն, կահավորեն ու միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցը կբացի դռները:
Գայանե Սաֆարյան (Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցի տնօրեն) - Քարտեզագրում ենք կատարում, թե ո՛ր սրահում ինչ գործընթաց պետք է կատարվի, ինչպես կահավորենք:
Շինարարությունն իրականացվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Իսկ գույքը ձեռք են բերել պետական միջոցներով: Չորս մասնաշենքից երեքը, կարելի է ասել, հողին են հավասարեցրել ու նորը կառուցել, իսկ չորրորդը քաղաքապետարանը մշակութային կենտրոն կառուցելու նպատակով է վերցրել: Նախկին դպրոցից միայն հասցեն է հին մնացել: Մնացածը նոր ու արդիական է:
Մեծ, լուսավոր ու հարմարավետ են ոչ միայն դասարանները, այլև միջանցքները, լաբորատորիաները, գրադարանը, հանդիսությունների սրահը, որ նախկինում չեն ունեցել, մարզադահլիճը՝ ցնցուղարաններով ու օդափոխվող համակարգով:
Ռազմագիտության կաբինետն է: Անվտանգության կանոններն այստեղ խստորեն պահպանված են: Ոչ միայն դռները, այլև պատուհաններն ու պատերն են ճաղավանդակով:
Իսկ լաբորատորիաներում ջրի ծորակներն ուղղակի սեղանների վրա են լինելու կամ ներկառուցված՝ պահարանների մեջ:
Արժանապատիվ դպրոց ունենալու բոլոր պայմանները կան: Արվել է հնարավորը երեխաների ձեռնարկատիրական մտածողությունը զարգացնելու, մասնագիտության առումով կողմնորոշելու և պարզապես լավ քաղաքացի դաստիարակելու համար: Մինչև գարուն կավարտեն նաև բացօթյա խաղահրապարակների կառուցումը:
Մեկ-երկու շաբաթից էլ ծառատունկ կանեն. 70 դեկորատիվ տնկի արդեն ստացել են: