Օրերս ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Ալավերդիում բնակվող 30-ամյա մի կին սոցցանցերից մեկում իր և այլ տվյալներով բացված էջերով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հրապարակել՝ իբր ինքը 44-օրյա պատերազմում զոհվածի այրի է և երեխաներին խնամելու պատրվակով օգնություն է խնդրել։
Այս կերպ մի խումբ օգտատերերի վստահությունը չարաշահելով՝ նրանցից ստացել է նախնական հաշվարկով շուրջ 600 հազար դրամ։ Օգտատերերը փողը փոխանցել են կնոջ բանկային հաշվեհամարին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Թումանյանի բաժնի ծառայողները տեղեկությունները հիմնավորելուց հետո հոկտեմբերի 13-ի երեկոյան կնոջը բերման են ենթարկել բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ խարդախությունից տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։