Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը կտրուկ հերքում է բուժամբուլատորիայի բուժքրոջ կողմից պատվաստման կեղծ հավաստագրերի տրամադրման լուրը, թեև, ոստիկանության հաղորդագրության համաձայն, բուժքույրը խոստովանական ցուցմունք է տվել:
Մինչ համայնքի ղեկավարը վստահեցնում է, թե կեղծ հավաստագրեր բնակիչներին չեն տրամադրվել, նույն համայնքի բուժամբուլատորիայի տնօրեն Վարդգես Չոլոյանը տեղեկություն ունի այդ բուժքրոջ կողմից Երանոսում մեկ բնակչի կեղծ փաստաթուղթ տրամադրելու մասին:
Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ բուժքույրը այժմ շարունակում է կատարել իր պարտականությունները: Ոստիկանությունից «Լուրերին» փոխանցեցին՝ այս գործով դեռ նյութեր են նախապատրաստվում: Ավելի քան 5000 բնակիչ ունեցող Երանոս գյուղում, ըստ համայնքապետի՝ պատվաստվել է մոտ 800 բնակիչ:
Վերջին երկու օրվա ընթացքում իրավապահ մարմինները հայտնել են կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացում տարբեր բուժհաստատությունների աշխատակիցների թույլ տված չարաշահումների բացահայտման մի շարք դեպքերի մասին:
700 քաղաքացու կեղծ հավաստագիր տրամադրելու վերաբերյալ երեկ հաղորդագրություն տարածեց Ազգային անվտանգության ծառայությունը, ըստ որի՝ դեպքերը տեղի են ունեցել Գյումրիի Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնում: Այս հիմնարկի մի խումբ բուժաշխատակիցներ ավելի քան վեց ամիս Հայաստանի տարբեր տարածքներում բնակվող 700 քաղաքացու տրամադրել են կեղծ հավաստագրեր, որոնք մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ:
Նախաքննությամբ պարզվել է, որ տվյալ բուժհաստատության աշխատակիցները կեղծ փաստաթղթի տրամադրման համար քաղաքացիներից ստացել են 5-10 հազար դրամ կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են:
«Լուրերը» փորձեց կապ հաստատել այդ կենտրոնի տնօրենի հետ, սակայն մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան:
Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ Գյումրու Աբաջյանի անվան բժշկության կենտրոնի 6 աշխատակից ձերբակալված է: Նրանք տվել են խոստովանական ցուցմունքներ` տեղեկություններ ներկայացնելով ինչպես կիրառված հանցավոր մեխանիզմի, այնպես էլ որպես կաշառք ստացած գումարների և փաստացի կեղծ հավաստագրեր ստացած անձանց վերաբերյալ: Իրավապահ կառույցը այժմ քայլեր է ձեռնարկում կեղծ պատվաստվողներին հայտնաբերելու և քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ:
ԱԱԾ-ն հոկտեմբերի 12-ին մեկ այլ հայտարարությամբ հայտնեց, որ Երևանի մի շարք բուժհաստատություններ ևս պատվաստման կեղծ հավաստագրեր են տրամադրել: Հարուցվել է 6 քրեական գործ, 3 բուժաշխատող ձերբակալված է, նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել:
Իրավապահների այս բացահայտումներին նախորդեց հոկտեմբերի 7-ի Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը ուժային կառույցներին՝ պատասխանատվության ենթարկել պատվաստման կեղծ փաստաթղթեր հատկացնողներին։ Հոկտեմբերի 10-ի դրությամբ՝ 514241 պատվաստում է իրականացվել, առաջին դեղաչափ ստացել է 344029 քաղաքացի, երկրորդը` 170212-ը: