Հոկտեմբերի 14-ին Բեյրութում շիա կուսակցությունների կողմնակիցները ցույց են անցկացրել՝ 2020 թ. Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործի քննությամբ զբաղվող գլխավոր դատավորին հեռացնելու պահանջով, տեղեկացնում է РИА Новости-ն:
Շիա կուսակցությունների կողմնակիցների կարծիքով՝ դատավորի որոշումները քաղաքականացված են և ոչ իրավաչափ։
Ցույցն ուղեկցվել է փոխհրաձգություններով: Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ անհայտ անձինք հրազենից կրակ են բացել շիա կուսակցությունների կողմնակիցների վրա: Ըստ գործակալության տվյալների՝ Լիբանանի բանակը խոշոր տրամաչափի գնդացիրներով համալրված մի քանի զրահափոխադրիչներ է ուղարկել հրաձգության վայր:
Ըստ ԶԼՄ-ների՝ անկարգությունների ընթացքում առնվազն 6 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը՝ վիրավորվել:
Լիբանանի բանակից հայտնել են, որ սադրիչների և հարձակումների որոշ մասնակիցների ինքնությունն արդեն պարզվել է, նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվում: