ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Ողջունելով դեսպանին՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Շվեդիան Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերներից է:
ԱԺ նախագահն անդրադարձել է միջխորհրդարանական տարբեր հարթակներում մեր պատվիրակությունների միջև առկա սերտ և արդյունավետ համագործակցությանը:
Խոսելով Հայաստան-Շվեդիա համագործակցությունից՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել բարեկամ երկրի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, ինչպես նաև արժևորել մի շարք ոլորտների զարգացման գործում Շվեդիայի կառավարության ցուցաբերած ֆինանսական աջակցությունը:
Երկկողմ համագործակցության համատեքստում ԱԺ նախագահը փաստել է, որ Հայաստանի համար կարևոր է Շվեդիայի հետ փոխգործակցությունը նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պատրիկ Սվենսոնը կարևորել է երկկողմ խորհրդարանական կապերի զարգացումը, բազմոլորտ համագործակցության ընդլայնումը:
Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Շվեդիա համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր: