«B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով: Standard & Poor's միջազգային գործակալությունն առաջին անգամ վարկանիշ է շնորհել Հայաստանի կառավարությանը:
Կազմակերպության դիտարկմամբ`«դրական» հեռանկարն արտացոլում է առաջիկա տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության արագ զարգացման հեռանկարը, ինչպես նաև արտաքին մարտահրավերների` սպասվածից արագ կրճատումը և հարկաբյուջետային կատարողականի ավելի մեծ ներուժը:
Էդուարդ Հակոբյան, ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ - Գնահատականը դրական է: Այս տեսանկյունից մյուս ռեյտինգային կազմակերպությունների հետ մեկտեղ՝ նորից դրական ազդակ է հաղորդում ներդրողներին թե՛ պարտքի կառավարելիության և թե՛ կառավարության վարկունակության ու վճարունակության տեսանկյունից:
Հայաստանին վարկանիշ շնորհող «Մուդիս» և «Ֆիթչ» գործակալությունները նախորդ ամսվա ընթացքում կայուն հեռանկար էին կանխատեսում, ներկայիս գնահատականն այդ համատեքստում ավելի լավատեսական է: Տնտեսագետների գնահատմամբ՝ այս վարկանիշը փաստում է, որ Հայաստանն արևմտյան երկրների ներդրողների տեսադաշտում է:
Աշոտ Խուրշուդյան, տնտեսագետ - Արևմտյան ֆինանսական ներդրողներն իրենք մեկանգամյա գործարքներով չեն գնահատական տալիս, դրա համար այսպիսի սուվերեն գնահատականները շատ կարևոր են, որի հիման վրա արդեն ալգորիթմներով որոշում են, որ երկիր ինչքան ներդրում անել, ինչքան պարտատոմս ավելի շուտ ձեռք բերել և այլն:
Սուվերեն վարկանիշը կարող է բարելավվել առաջիկա մեկ տարվա ընթացքում, եթե երկիրը պահպանի իր տնտեսական ցուցանիշներն առանց արտաքին կամ համավարակի հետ կապված մարտահրավերների:
Էդուարդ Հակոբյան - Հաշվի առնելով Standard & Poor's-ի նաև ավելի հարուստ փորձը մասնավոր հատվածում, դա ազդակ է հետագայում կապիտալի շուկայի զարգացման համար, որը թույլ կտա մասնավոր կազմակերպություններին ռեյտինգ ձեռք բերելով՝ դուրս գալ նաև միջազգային կապիտալ շուկաներ:
Վարկանիշի բարձրացմանը կարող է նպաստել նաև արտաքին պարտքի՝ սպասվածից ավելի մեծ կրճատումը, առաջիկա տարիների համար հենց այդպիսի կանխատեսում է արել գործակալությունը:
Էդուարդ Հակոբյան - Հետագա տարիներին պարտք-ՀՆԱ ցուցանիշը կայուն նվազող հետագիծ է ունենալու: Դա նշանակում է, որ Standard & Poor's-ը նույնպես դրական է գնահատում կառավարության քայլերն այս ուղղությամբ:
Խուրշուդյանի դիտարկմամբ՝ Հայաստանը հիմնականում իր ճիշտ դրամավարկային և ֆինանսատնտեսական քաղաքականության շնորհիվ է կարողացել բարձր վարկանիշ ձեռք բերել: Մեր երկիրը դարձավ 137-րդ երկիրը, որին միջազգային գործակալությունը վարկանիշ է շնորհում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան