2021-ի 9 ամսվա ընթացքում պետբյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 137 միլիարդ դրամ: Եկամուտների այսպիսի արձանագրում չի եղել՝ ասում է ՊԵԿ նախագահը, 2020-ի հունվար-սեպտեմբերին բյուջեի եկամուտները կազմել են մեկ տրիլիոն 16 միլիարդ դրամ: Սակայն ՊԵԿ նախագահը նախընտրում է համեմատություն անցկացնել 2019-ի ցուցանիշների հետ:
Ռուստամ Բադասյան, ՀՀ ՊԵԿ նախագահ - 2021-ը՝ 2019-ի նկատմամբ, ավել հավաքագրված գումարը կազմում է 58.1 միլիարդ կամ աճը կազմում է 5.4 տոկոս: Ինչու եմ հենց 2019 թվականը կարևորում, որովհետև 2019 թվականը, բոլորդ գիտեք, որ բոլոր ցուցանիշների առումով ռեկորդային տարի է եղել: Եվ այս ցուցանիշը, որը ես նշեցի՝ տրիլիոն 137 միլիարդ, սա ևս ռեկորդ է 9 ամիսների հաշվարկմամբ:
Ըստ ՊԵԿ նախագահի՝ պետական բյուջեի եկամուտների վրա ազդող հանգամանք է եղել աշխատատեղերի հարկման բազան:
Ռուստամ Բադասյան - Օգոստոս ամսվա տվյալներով՝ աշխատատեղերը եղել են 642 292, և հարկման բազան կազմել է շուրջ 139.1 միլիարդ, միջին հարկման բազան, այսինքն՝ միջին աշխատավարձը, եղել է 216 665 դրամ: Սա ևս գերազանցում է 2019-ը և 2020 թվականների ցուցանիշներն էապես:
ՀԴՄ կտրոններով, տնտեսվարողների միջև ապրանքների մատակարարման հաշիվ ապրանքագրերով ու այլ հաշվարկային փաստաթղթերով ևս 2019-ի համեմատ թե՛ գործարքային և թե՛ գումարային շրջանառությունն ավելացել է:
Ռուստամ Բադասյան - 24 տոկոս կազմում է գործարքների աճը, և գումարի տարիբերությունը կազմում է 24.8 միլիարդ:
Հարկերի հավաքագրման ցուցանիշի վրա որոշակի ազդել է նաև գնաճը, սակայն դա գերակշռող չի կարելի համարել՝ ասում է ՊԵԿ նախագահը: Եկամուտներն աճել են բոլոր ուղղություններով:
Ռուստամ Բադասյան - Մեկ աճ չէ, որ նպաստել է ընդհանուր թվի ձևավորմանը: Ես երկու կարևոր ցուցանիշ հրապարակեցի, հաշվարկային փաստաթղթերի քանակն աճել է թե՛ գումարային, թե՛ գործարքների քանակով, այսինքն՝ ես սա ավելի շատ կապում եմ տնտեսական որոշակի ակտիվության հետ, որը վերականգնվում է և 2019 թվականի ցուցանիշներից ավելի վերև է գնում:
Էլեկտրոնային հարթակներով ծառայություններ մատուցողներն արդեն համաձայնել են Հայաստանում կատարել իրենց հարկային պարտավորությունները՝ հայտարարում է Ռուստամ Բադասյանը: ՊԵԿ պաշտոնական կայքում նշված են քայլերը, որը հնարավորություն է տալիս որպես հարկատու հաշվառվել:
Ռուստամ Բադասյան - Օրինակ՝ Ֆեյսբուքում ֆիզիկակական անձը վճարովի գովազդ է տեղադրում, այստեղ ֆիզիկակական անձի կյանքում որևէ բան չի փոխվում, կամ որևէ հարթակում երգ լսելու ծրագիր է, ֆիզիկական անձի կյանքում որևէ բան չի փոխվում, ուղղակի այդ հարթակը ներկայացնող ընկերությունը հաշվառվում է ու վճարում համապատասխան հարկեր:
2022-ի պետբյուջեյով տնտեսական աճը 7, համախառն եկամուտների աճը 30 տոկոս է նախատեսված: ՊԵԿ նախագահը վստահեցնում է, որ այդ ցուցանիշներին հասնելու համար հարկային բեռի ավելացում չի նախատեսվում, նպատակին պատրաստվում են հասնել վարչարարության բարելավումով: