Ֆրանսախոս արվեստանոց՝ Հայաստանում. ֆրանսահայ ռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանի նախաձեռնությամբ բացվել է երկլեզու Դրամատիկական արվեստանոց: Մինչև 2022-ի մայիս հայ և ֆրանսիացի արվեստագետները վեցամսյա դասընթացներով կմիավորեն թատրոնն ու ֆրանսերենը: 22-30 տարեկան 20-ից ավելի երիտասարդի են ընտրել, որ քիչ թե շատ կապ ունեն թատրոնի հետ կամ իրենց կյանքը թատրոնում են պատկերացնում:
Ամեն ամիս դասերը կվարեն նաև Փարիզի «Օդեոն» թատրոնի ռեժիսոր Ստեֆան Բրոնշվեյգը, «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմի սցենարի համահեղինակ Արիան Ասկարիդը, ֆրանսիացի այլ հայտնի ռեժիսորներ, բեմադրիչներ և դերասաններ: Դրամատիկական արվեստի տեխնիկայի դասերը հայերեն և ֆրանսերեն են՝ ըստ մասնակիցների ընտրության:
Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն առաջին ծրագիրն է հայտարարում, վստահեցնում է՝ Հայաստանում ֆրանսերենի տարածմանն ուղղված ծրագրերին կաջակցեն:
Անն Լույո, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան - Աշխատում ենք Հայաստանը Ֆրակոֆոնիային ավելի սերտ կապելու ուղղությամբ: Սերժ Ավետիքյանի հետ համատեղ ծրագիրը ևս ուղղված է ֆրանսերենի տարածմանը: Աշխատում ենք, որ դպրոցները ֆրանսերենն ավելի խորացնեն: Արդեն հանդիպել եմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ, քննարկել ենք ֆրանսերենի տարածման, հայկական մշակութային ժառանգության պահպանման հետ կապված համատեղ ծրագրերը:
Գիյոմ Նարժոլե, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական - Սա մի ծրագիր է, որ շեշտը դնում է ոչ միայն դրամատիկական արվեստի, այլև Ֆրանկոֆոնիայի վրա: Եվ այս երկու բևեռները՝ Ֆրանկոֆոնիան և երիտասարդությունը, միավորում են մեր երկու երկրները: Լեզուներ, արվեստ, մշակույթ. այս երեքի միջոցով ենք շարունակում ապրել և ապրեցնել: Եվ դրանց միջոցով ենք կարողանում երազել:
Երկլեզու Դրամատիկական արվեստանոցը Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում է՝ պայմանով.
Սերժ Ավետիքյան, ռեժիսոր, դերասան - Արգելել եմ սելֆին, արգելել եմ Ֆեյսբուքը և հեռախոսն աշխատանքի ժամանակ: Ոչ թե ստալինյան ժամանակից եկող, այլ արգելել եմ, որ աշխատենք: