Գերմանական Քյոլն քաղաքում հայկական արտադրողները միասնական տաղավարով Հայաստանը ներկայացրել են Եվրոպայում սննդի և ըմպելիքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսին`«Անուգա 2021-ին»: Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը՝ Եվրամիության աջակցությամբ։
Կարեն Գևորգյան, «Առևտրի համար պատրաստ» ծրագրի ղեկավար - Մինչև ցուցահանդեսին մասնակցելը, աջակցություն է ցուցաբերվում արտադրական բոլոր փուլերում՝ սկսած սննդի անվտանգության համակարգերի ներդրումից, բրենդավորման, փաթեթավորման, տեխնոլոգիական աջակցության, և այդ ամենի արդյունքում, երբ ձևավորվում է մրցունակ արտադրանք, ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակցել նման խոշոր ցուցահանդեսների:
Մեր երկիրը ներկայացնում է բուսական թեյերի, չրերի, պահածոների արտադրությամբ զբաղվող ութ ընկերություն։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը հնարավոր է դարձել «Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. Եվրամիությունը բիզնեսի համար նախաձեռնությունը» ծրագրով:
Արա Մարության, «Ագրոլոգ» ուսումնաարտադրական կենտրոնի տնօրեն - Մասնագիտացել ենք օրգանիկ չրերի և թեյերի արտադրությամբ, ծրագիրը հնարավորություն տվեց ներկայացնել մեր արտադրանքը Նյուրենբերգում, մեր ապրանքը ներկայացնել նաև Փարիզում: Հույս ունենք, որ նման ծրագրերը կօգնեն արտահանմանը:
Արմինե Ասիրյան, «Ար Ֆիտո Ֆարմ» ընկերության փոխտնօրեն - Համավարակով պայմանավորված՝ այս ցուցադրությունը մեզ հնարավորություն է տալիս հասկանալու՝ միջազգային շուկայում ի՞նչ մարտահրավերներ կան, ինչպե՞ս դիմակայել դրանց, նոր կապեր հաստատել, որ կօգնեն զարգացնել բիզնեսը:
«Անուգա 2021»-ը հնարավորություն է տալիս սննդամթերքի վերամշակմամբ զբաղվող հայաստանյան ընկերություններին ուսումնասիրել ու ներդնել միջազգային լավագույն փորձն ու վերջին միտումները՝ արտադրությունից մինչև փաթեթավորում, ինչպես նաև ձեռք բերել նոր գործընկերային կապեր՝ արտահանումը խթանելու համար։
Ռուզաննա Քարտաշյան, «Էդնա» ընկերության բիզնեսի առաջխաղացման գծով ղեկավար - Մեր առաջնային նպատակն, իհարկե, բիզնես հնարավորությունների ընդլայնումն է, նոր շուկաների մուտքը, արտահանման ընդլայնումն ու դիվերսիֆիկացումը:
Կարեն Ղարսլյան, «Անուգա 2021»-ի այցելու - Ցանկացա ներկա լինել, հասկանալ հայ արտադրողներն ինչ մթերք ունեն, որն ուզում են օնլայն ներկայացնել, վաճառել:
Միջազգային խոշոր ցուցահանդեսին այս տարի մասնակցում է ավելի քան 4000 ընկերություն՝ աշխարհի 94 երկրից: