Երևանի նախկին փոխքաղաքապետ, «Հյուսիսային պողոտա և Կասկադ» ԾԻԳ-ի նախկին տնօրեն Կարեն Դավթյանին ու նրա ընտանիքին պատկանող հիդրոէլեկտրակայաններ շահագործող ընկերությունները դատարանի վճռով սնանկացել են ու այժմ սնանկության գործընթացում են։
Դավթյանի ընտանիքին պատկանող փոքր հիդրոէլեկտրակայանները գտնվում էին Լոռու մարզի Ձորագետ գետի վրա։ Ձորագետը Դեբեդի ամենամեծ վտակներից է, սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայից, ունի 67 կիլոմետր երկարություն։ Գետի վրա արդեն իսկ գործում են 4 փոքր հիդրոէլեկտրակայաններ, դրանք են՝ «Կաթնառատը», «Ձորագետ 5»-ը, «Ձորագետ-6»-ը և «Ձորահէկը»։ Հիշեցնենք, պետական սեփականություն հանդիսացող «Ձորահէկ»-ը ցածր գնով օտարելու համար քրեական գործ է քննվում։ Ներկայումս «Ձորահէկը» պատկանում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ին։ Ձորագետի մյուս 3 հիդրոէլեկտրակայանները պատկանում են Կարեն Դավթյանին ու նրա ընտանիքին։ Դավթյանը եղել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ, «Հյուսիսային պողոտա և Կասկադ» ԾԻԳ-ի տնօրեն, Երևանի քաղաքապետի տեղակալ, Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
Ձորագետի վրա գործող «Կաթնառատ» փոքր հիդրոէլեկտրակայանը շահագործում է «Վանշայն» ՍՊԸ-ն, որը հիմնվել է 2006-ին, ընկերության միակ բաժնետերը 2011-ից Կարեն Դավթյանն է։ Այս ՓՀԷԿ-ը սկսել է շահագործվել 2012-ից, դրվածքային հզորությունը 2075 կՎտ է, լիցենզիայի ժամկետը՝ մինչև 2027 թվականը։ Նախկինում կաթնառատցիները բողոքում էին ՀԷԿ-ի գործունեության դեմ՝ հայտնելով, որ դրա գործունեության հետևանքով իրենք ջրից զրկվում են։ «Դատալեքս» տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ 2013-ից սկսած «Վանշայնը» սկսել է հիդրոէլեկտրակայանի շահագործման համար վարկեր ներգրավել HSBC բանկից, նախ՝ 2013-ին՝ 1.3 միլիոն դոլարի չափով, ապա 2018-ին՝ 672 հազար դոլարի չափով։ 2020-ից ընկերությունը, ըստ բանկի, էականորեն խախտել է վարկի մարման պայմանները ու չի կարողացել մարել վարկը։ Հապահովումն վարկի կատարման՝ դեռ 2017-ին «Վանշայն» ՍՊԸ-ն գրավադրել է «Հազար ու մեկ» ՍՊԸ-ի, «Վի-ար բի կոնցեռն» ՍՊԸ-ի գույքերը։ Վերը նշված երկու ընկերությունները Ձորագետի վրա շահագործում են «Ձորագետ-5» և «Ձորագետ-6» փոքր ՀԷԿ-երը։ «Վի-ար բի կոնցեռնի» միակ բաժնետերը ևս Կարեն Դավթյանն է, իսկ «Հազար ու մեկ» ՍՊԸ-ի միակ մասնակիցը Դավթյանի կինն է՝ Մարիամ Հարությունյանը։
Համապատասխան գրավի պայմանագրով բանկի օգտին գրավադրվել են «Ձորագետ-6» և «Կաթնառատ» ՓՀԷԿ-երի անշարժ գույքերը, համապատասխան սարքավորումները, հողամասերը։ Անցյալ տարեվերջին «Վանշայն ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ։ Պարտատերերի ցանկը սահմանելու գործընթացում «Վանշայն» ՍՊԸ-ին պահանջներ է ներկայացրել նաև «Ամերիաբանկը»՝ դատարանին ներկայացնելով, որ «Տելիա մայնինգ» ընկերության հետ ունի կնքված հիմնական վարկային պայմանագիր, որով ընկերությանը տրամադրվել է մինչև 10 միլիոն դոլարի վարկային սահմանաչափով գումար, և «Տելիա մայնինգի» ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովվել է «Վանշայնի» ձեռքբերվող հիմնական միջոցներով։ «Տելիա մայնինգը» պատկանում է Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդուն՝ Միսակ Հովսեփյանին։ «Ամերիաբանկի» պահանջը «Վանշայնից» կազմում է 1.4 միլիոն դոլար և 830 միլիոն դրամ։
2020-ի դեկտեմբերին սնակ է ճանաչվում նաև «Հազար ու մեկ» ՍՊԸ-ն՝ Դավթյանի մյուս ընկերությունը, որը շահագործում է «Ձորագետ-5» ՓՀԷԿ-ը։ «Հազար ու մեկ»-ի բաժնետերը, ինչպես վերևում նշեցինք, Մարիամ Հարությունյանն է՝ Կարեն Դավթյանի կինը։ Ինչպես տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից, «Հազար ու մեկ» ՍՊԸ-ի պարտքը HSBC բանկին կազմում է 2.7 միլիոն դոլար և 13.6 միլիոն դրամ, «Տելիա մայնինգին»՝ 33.6 միլիոն դրամ: Կարեն Դավթյանն ու կինը՝ Մարիամ Հարությունյանը, նաև որդին՝ Վահե Դավթյանը, ևս պարտապանների ցանկում են. ընդհանուր առմամբ ընկերությունը նրանց պարտք է 235 միլիոն դրամ, իսկ «Ամերիաբանկին»՝ 1.4 միլիոն դոլար և 840 միլիոն դրամ։
«Ձորագետ-6» հիդրոէլեկտրակայանը շահագործող «Վի-ար բի կոնցեռնը» ևս սնանկ է ճանաչվել։ «Ազդարարից» տեղեկանում ենք, որ HSBC բանկին ընկերության պարտքը կազմում է ավելի քան 2.4 միլիոն դոլար և 12.5 միլիոն դրամ։ «Վի-ար բի կոնցեռնի» պարտատերերից է նաև «Տելիա մայնինգը», որին պարտքը գերազանցում է 93 հազար դոլարը։
Չնայած այս ընկերությունների սնանկության փաստին՝ Կառավարությունը այս տարվա մարտին հավանության արժանացրեց Կարեն Դավթյանի ներդրումային ծրագիրը։ «ՋիԷմ քոնսթրաքշն» ընկերությունը, որում Դավթյանն ունի 50 տոկոս բաժնեմաս, Կառավարությունից ուղղակի վաճառքի տեսքով հող ստացավ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 23 հասցեում՝ 18 հարկանի երկու շենք կառուցելու համար։ Այդ տարածքում կան նաև վթարային շենքեր, որոնց բնակիչներին «ՋիԷմ քոնսթրաքշնը» պարտավորվել է բնակարաններ տրամադրել նորակառույցներում։ Ներդրումային ծրագիրը կազմում էր 13 միլիոն դոլար։