Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է: Այս մասին Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Սա Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին այցն է ՀՀ: Այցը բավականին սպասված էր: Այցը վկայում է մեր երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների միջև օրեցօր ընդլայնվող և խորացող հարաբերությունների մասին: Անկասկած, այս այցը կխթանի հայ-հնդկական համագործակցությունը բոլոր ոլորտներում: Սա բխում է մեր երկու երկրների և ժողովուրդների շահերից»,- ասաց Միրզոյանը:
Նա նշեց, որ համագործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է:
«Սա կարող եք տեսնել ՀՀ կառավարության ծրագրում, որը նաև հաստատվել է ԱԺ-ի կողմից»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: