Հնդկաստանը, որպես աշխարհի ամենամեծ ժողովրդավարություն, խոշոր և արագ զարգացող տնտեսություն, ինչպես նաև խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, կարող է նպաստել, իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունության, զարգացման և խաղաղության հարցում: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
«Մենք բարձր ենք գնահատում սկզբունքային դիրքորոշումը, նաև շարունակական աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում: Հայաստանը բազմիցս նշել է՝ ուժի կիրառումը չի կարող հիմք հանդիսանալ հակամարտության լուծման համար, և ԼՂ հիմնախնդիրը պետք է ստանա իր համապարփակ կարգավորումը՝ խաղաղ բանակցությունների միջոցով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, հայտնի սկզբունքների հիման վրա»,- ասաց Միրզոյանը:
Նա նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության՝ ընթացիկ տարվա մայիսին արված հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական Զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից:
«Մեր կողմից վերահաստատում ենք ՀՀ դիրքորոշումը Ջամմուի և Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու առումով: Մեր դիրքորոշումները համընկնում են նաև ահաբեկչության դեմ պայքարի, ծայրահեղականության և վարձկան ահաբեկիչների՝ հակամարտության գոտիներ տեղափոխման անթույլատրելիության և դատապարտելիության հարցում»,- ասաց Միրզոյանը: