Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 12-ին եռօրյա այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:
Վերջին 8 տարվա ընթացքում ԻԻՀ գլխավոր դատախազի առաջին այցը մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազի հետ կայացած ընդլայնված կազմով բանակցություններով:
Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի (ԻԻՀ գլխավոր դատախազ) - Իրանի և Հայաստանի դիվանագիտական և քաղաքական կապերը միշտ էլ շատ լավ են եղել: Վերջին դեպքերը տարածաշրջանում, սակայն, մեզ ստիպում են, որ այդ շփումները ավելի զարգանան։ Իրանի և Հայաստանի համագործակցությունը պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինի, և կան դրա նախապայմանները։
Ինչպես որ հայտարարել են Իրանի պաշտոնյաները, անհրաժեշտ է, որպեսզի լուրջ քայլեր կատարվեն մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Հայաստանը և Իրանը հաստատել են, որ ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն:
Մենք բարիդրացիական կապեր ենք պահպանում հարևան երկրների հետ, և հույս ունենք, որ նրանք, նախքան հարցի սրումը, Իրանի այս դիրքորոշումն ընկալեն: Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան: Մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել, բայց ես հույս ունեմ, որ մինչ այդ հարևան երկրները իրենք ձեռնամուխ կլինին հարցի լուծմանը: